ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
Կապիտուլյանտն առանձնակի ատելություն է տածում հաղթանակի գեներալների նկատմամբ
Լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին ցուցադրական սպանում էին, երկարաձգելով կալանքը, չնայած ծանրագույն ախտորոշումներին։ Հետո թույլ տվեցին տուն գնալ՝ մահանալու, բայց նա ձգտում էր հասնել Արցախ, որն այդ օրերին դիմակայում էր թուրք-ադրբեջանական ագրեսիային։
Գեներալ Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից, որպեսզի կալանավորման սպառնալիքով ցուցմունքներ կորզեն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ինչպեսև ԼՂՀ առաջին նախագահին, Խաչատուրովին նույնպես մեղադրեցին 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն հոդվածով մեղադրյալ ճանաչվեց գեներալ Սեյրան Օհանյանը: Հայկական երկրորդ հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու արցախյան հաղթանակի գեներալները քաղաքական բռնաճնշումների ենթարկվեցին ռեժիմի պարագլխի անմիջական հրահանգով։
Ավելի ուշ Փաշինյանը հալածանքներ ձեռնարկեց հաղթանակի մյուս գեներալների՝ Վիտալի Բալասանյանի, Արթուր Աղաբեկյանի, Լևոն Մնացականյանի դեմ, շարունակում է հետապնդել Մովսես Հակոբյանին: Ցանկը կարելի է շարունակել։ Փաստը մնում է փաստ. Փաշինյանն առանձնակի ատելություն է տածում նրանց հանդեպ, ովքեր ուժերի ներածի չափով իրենց լուման են ներդրել Արցախի ազատագրման և պաշտպանության գործում։ Խայտառակ կապիտուլյացիայից հետո նա փորձում է ջնջել հերոսների անունները հայոց նորագույն պատմությունից, ինչպես որ ջնջեց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը և 5 հազար կյանք։
Կապիտուլյանտն անձնական ատելություն է տածում հաղթանակի գեներալների նկատմամբ, այդ իսկ պատճառով նրա կողքին հայտնվեցին այլ գեներալներ. մեկին անվանում են «ռեստորանային», մյուսին երրորդ նախագահի հրամանով վռնդել էին ԶՈՒ-ից 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության աշխատանքը չապահովելու համար։ Այդ «աբիժնիկները» ավարտին հասցրեցին հայոց բանակի փլուզումը, իսկ այսօր ՊՆ-ն ղեկավարում է մի անձնավորություն, որը բանտ է նստել սպային դանակահարելու համար…
Ռեժիմի պարագլուխը բանտ է նետել ինքնապաշտպանության կազմակերպիչներին
Ներկայումս կալանավորված են 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներն ու ինքնապաշտպանության կազմակերպիչները. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը (մասնակցել է Արցախյան բոլոր ազատամարտերին), Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը (44-օրյա պատերազմում վիրավորվել է ձեռքից և կրկնակի վիրահատության անհրաժեշտություն կա), Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի փոխքաղաքապետ, պատերազմի հաշմանդամ և բազմազավակ հայր Մենուա Հովսեփյանը:
Բոլորին էլ հայտնի, որ այդ մարդկանց առաջադրված մեղադրանքները շինծու են, բայց «Սիսական» լեգենդար ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման դատարանի վերջին սանկցիան առանձնահատուկ դեպք է:
Այս անգամ Փաշինյանը նույնիսկ չփորձեց քողարկվել օրենքի հետևում։ Կապիտուլյանտը գործում է բացահայտ ու լկտիաբար։ Եվ դրա մեղավորը մենք ենք։ Մենք՝ հայ հասարակությունը, որը կուլ տվեց Սյունիքի համայնքների նախկին ու ներկա ղեկավարների կալանավորումները, որից հետո Փաշինյանը հասկացավ, որ իր ձեռքերն ազատ են։ Մինասյանին կալանավորելու որոշումը ակնառու վկայությունն է այն բանի, որ մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ քաղաքական բռնաճնշումների հետևում կանգնած է անձամբ Փաշինյանը. «Աշոտ Երկաթը», ինչպես անվանում են հրամանատարին, Արցախյան բոլոր երեք պատերազմների մասնակից է։
Դատեք ինքներդ. Բավական էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար գեներալ Արթուր Վանեցյանը հայտարարեր, որ անցած մեկ տարվա ընթացքում Փաշինյանի դեմ մահափորձի նախապատրաստման գործով քննչական ոչ մի միջոցառում չի անցկացվել, երբ հաշված օրեր անց դատարանը որոշում է կայացնում կալանավորել Մինասյանին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող. դատարանի որոշումը լոկ արձագանք էր Վանեցյանի խոսքերին։ Հիշեցնեմ, որ «Սիսական» ջոկատի հրամանատարին, ինչպես նաև ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ԱԱԾ նախկին ղեկավար Վանեցյանին և դաշնակցական նկարիչ Աշոտ Ավագյանին մեղադրանք է ներկայացվել Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։
Դա տեղի ունեցավ կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո, երբ Փաշինյանը դեռ նոր էր դուրս եկել ՊՆ բունկերից, որտեղ թաքնվում էր ժողովրդից։ Նրա աչքին ամենուր դավադրություններ էին երևում, սակայն 2020-ի նոյեմբերին դատավոր Արմինե Մելիքսեթյանը, որին գործընկերները բնութագրում էին ոչ այլ կերպ, քան ռեժիմի աջակից, բոլորի համար անսպասելիորեն հրաժարվեց տալ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվողների կալանքի սանկցիան։
Ակնհայտ էր, որ խոսքը հերթական շինծու գործի մասին է, նույն այդ ժամանակ գործի մեջ ներառված էին տեղեկություններ ապօրինի զենք պահելու մասին, որի միջոցով Մինասյանն ու իր «հանցակիցները», իբր, փորձել են գործարկել իշխանության յուրացման իրենց հանցավոր ծրագիրը։ Ներկայումս մահափորձի մասով մեղադրանքները բացառվել են, մնացել է ապօրինի զենք պահելու և տեղափոխելու մեղադրանքը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը մեկ տարի առաջ Մինասյանի փաստաբանն էր, հստակեցրեց, որ խոսքը «Սիսական» ջոկատի զենքի, այլ ոչ թե Մինասյանի անձնական զենքի մասին է: Նրա խոսքերով՝ անցած տարվա ընթացքում ո՛չ Գլխավոր դատախազությունը, ո՛չ ԱԱԾ քննչական վարչությունը գործի վերաբերյալ որևէ նոր ապացույց չեն ներկայացրել: Այստեղից հարց. ինչո՞ւ դատարանը Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց, երբ մեկ տարվա ընթացքում կալանքի սանկցիան մերժել են դատական երկու ատյաններ։ Ոչ մի ապացույց չկա, թե Մինասյանը զենք է պահել Փաշինյանի դեմ դա օգտագործելու նպատակով։
Հիշեցնեմ, որ ժամանակին ԵԿՄ Էջմիածնի ստորաբաժանմանը պատկանող զենքը ներկայացվեց իբրև գեներալ Մանվելի անձնական զենք։
Կա՞ն արդյոք բանավոր պայմանավորվածություններ Ալիևի հետ
Շատերը դեռ չեն մոռացել հաղորդագրությունները՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական դիրքերը լքելու մեջ Վանեցյանի հրամանատարած ջոկատին մեղադրելու Քննչական կոմիտեի ներկայիս ղեկավար Արգիշտի Քյարամյանի փորձերի մասին։
Այդ մեղադրանքն ապացուցել չհաջողվեց, ինչպես որ չհաջողվեց ապացուցել Վանեցյանի մասնակցությունը մի խումբ անձանց հետ Փաշինյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը. այն պարզ պատճառով, որ նման մահափորձ ոչ ոք չէր ծրագրել: Քյարամյանի փորձի և բլոգեր Ռոման Բաղդասարյանի զառանցալի մեղադրանքների մեջ նշմարվում է նույն ձեռագիրը. Փաշինյանը համառորեն փորձում է ուսադիրներով մարդկանց վրա բարդել 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը։
Գեներալ Սամվել Բաբայանի «Հաղթանակներն՝ ինչպես եղել են» գրքում պատմվում է առաջին ազատամարտի ռազմական գործողությունների մանրամասների մասին: «Քելբաջարի ազատագրումը» վերնագրի ներքո կարդում ենք. «Վանք-Նարեշտար-Լաչին-Քելբաջար ճանապարհի ուղղությամբ գործում էին Վանքի գումարտակը (հրամանատար Յուրի Հակոբյան), «Սիսական» ջոկատը (հրամանատար Աշոտ Մինասյան)»:
Այդ առնչությամբ բավական օրինաչափ է հնչում Վարդևանյանի հարցը. «Գուցե Փաշինյանը բանավոր պայմանավորվածություննե՞ր ունի Ադրբեջանի հետ»։ Իսկապես, գուցե վերոնշյալ կալանավորումներն ու հետապնդումներն իրականացվում են ոչ այլ կերպ, քան «կիրթ» ու «կառուցողական տրամադրված» Ալիևի թելադրանքո՞վ։
Ամենայն հավանականությամբ, Ալիևը կարիք էլ չունի ինչ-որ բան թելադրելու. Փաշինյանն ինքն է ամեն ինչ անում «բանավոր ընկալման» հիման վրա, կռահելով իր տիրոջ ցանկությունը՝ ճաղերի հետևում տեսնելու նրանց, ովքեր դիմադրել են ինքնիշխան Հայաստանի երկու մարզերի և Արցախի բռնազավթման թուրք-ադրբեջանական ծրագրերին…
Եթե կապիտուլյանտը, իր իսկ խոստովանությամբ, կարող էր հրամայել դուրս բերել զորքերն ու բացել Սյունիքի դարպասները «բանավոր ընկալման» հիման վրա, ապա ինչո՞ւ չէր կարող նույն հիմքի վրա գուշակել Իլհամ Հեյդարիչի ցանկությունը՝ ճաղերի հետևում տեսնելու հաղթանակի գեներալներին, «Սիսական» ջոկատի հրամանատարին և Սյունիքի ինքնապաշտպանության կազմակերպիչ համայնքապետերին։ Չէ՞ որ հենց Սյունիքոով է անցնելու Ալիևին ու Էրդողանին խոստացած «Զանգեզուրի միջանցքը»։
Քանի դեռ հասարակությունը չի արձագանքում քաղաքական կալանավորումներին ու հալածանքներին, Փաշինյանի ձեռքերն անկաշկանդ են, իսկ դա նշանակում է, որ առջևում մեզ սպասում են նոր կալանավորումներ և հալածանքներ։ Քանի դեռ ՄԵՆՔ հանձնում ենք մեր հերոսներին, այդպես էլ կլինի։
Պատգամավոր Վարդևանյանի խոսքերով՝ երբ բավարարվում է կալանավորման միջնորդությունների 80%-ը, դա նշանակում է՝ բռնապետություն։ Իսկ հերոսներին կալանավորելու լուռ թողտվությունը դավաճանություն է հայ հասարակության կողմից։ Ներող կլինեք, բայց դրա այլ անվանում դեռ չեն հորինել։ Երեկ մենք թույլ տվեցինք մեր աչքի առաջ սպանել լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանին, այսօր հանձնում ենք «Սիսական» լեգենդար ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Առուշի, Արթուրի, Մխիթարի, Մանվելի (Փարամազյանի) և Մենուայի նվաստացուցիչ կալանավորումներից հետո չափազանց քիչ թվով մարդիկ դուրս եկան փողոց, որպեսզի գոռան կապիտուլյանտին. «Կա՛նգ առ»։
Ի դեպ, Մինասյանին և մի խումբ անձանց մեղադրանքներ ներկայացնելուց անմիջապես հետո անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցան բավական մարդաշատ բողոքի ակցիաներ, որոնք, մի շարք գնահատականներով, ազդեցին դատավոր Մելիքսեթյանի որոշման վրա։ Ազդեց, իհարկե, նաև այն հանգամանքը, որ այն ժամանակ ռեժիմի տապալումը թվում էր մի քանի օրվա կամ շաբաթվա գործ, և դատավորները վրա-վրա կայացնում էին իշխանությունների ցանկությանը հակառակ որոշումներ։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով իշխանությունը հրաժարվեց մահափորձի մեղադրանքից։
Լուսանկարում Աշոտ Մինասյանը՝ որդիների, նաև 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ