Մասիսի քաղաքապետի եղբորը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով մեղադրանք է առաջադրվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին և ևս մեկ անձի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Մասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն:

Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով վերոնշյալ մարմնավաճառներից պահանջել են գումար: 39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել է պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել է Գոռ Համբարձումյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մասիս քաղաքի երկու բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մարմնավաճառ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Հանցակից լինել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն) և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Մասնավորապես Համբարձումյանը 2018 թվականի իշխանափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել էր բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածելով նրանց: