ԱՄՆ-ն աֆղանցի փախստականներին 7 մլրդ դոլարի օգնություն կհատկացնի

ԱՄՆ-ն Աֆղանստանից փախածներին լրացուցիչ 7 մլրդ դոլար կհատկացնի: Համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Ջո Բայդենը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Գումար կստանան Աֆղանստանի այն քաղաքացիները, որոնք երկրից «տարահանվել» են ամերիկացի զինվորականների՝ այնտեղից հեռանալուց առաջ:

Սեպտեմբերին նույն նպատակին էր ուղղվել 6,3 միլիարդ դոլար։

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել է նախորդ ֆինանսական տարին, սակայն օրենսդիրները դեռևս չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Ուստի նրանք ստիպված են եղել ժամանակավոր բանաձևեր ընդունել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին։

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագծին։ Նախագահի ստորագրած ֆինանսավորման երկարաձգման մասին նախորդ բանաձևի գործողության ժամկետը լրանում էր դեկտեմբերի 3-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: