Փիլոյան․ Հայաստանում շենքերի սեյսմակայունությունը դեռ արդիական խնդիր է

Հայաստանում շենքերի սեյսմիկ կայունությունը շարունակում է արդիական խնդիր մնալ։ Այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը Երևանում «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գիտաժողովի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։

Նախարարի խոսքով՝ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ ի հայտ բերեց: Մինչև 1988 թվականը Երևանում և հանրապետության այլ խոշոր քաղաքներում շենքերը նախագծվում էին սեյսմիկ կայունության նվազագույն չափանիշներին համապատասխան:

Խնդիրը մասամբ փորձում են լուծել ժամանակակից շենքերի շինարարության ընթացքում։ Նախարարի խոսքով՝ մշակվում և ներդրվում են շենքի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են բնակչության տարհանման վարժանքներ:

«Մենք 33 տարվա վաղեմության ծանր հիշողություններ ունենք։ Այսօր աշխարհի հետ կիսվում ենք մեր փորձով և վերցնում համաշխարհային փորձը։ Ամեն տարի այս օրերին Հայաստանում և սփյուռքում տեղի են ունենում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ»,-ասել է Փիլոյանը։

Նախարարը կազմակերպված միջոցառումը կարևոր հարթակ է համարում խնդիրը վերլուծելու և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։