Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթը» շուտով կհայտնվի պոլիկլինիկաներում

Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։ Շատ մոտ ժամանակահատվածում կիրականացվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը։ Առաջիկայում այս պատվաստանյութն առկա կլինի նաև մեր պոլիկլինիկաներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այսօր այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ «Լիկվոր» ընկերության կողմից Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրման շնորհիվ երկրում դեղագործական արտադրությունը ևս մեկ քայլ առաջ է գնում:

Առողջապահության նախարարի խոսքով՝ ՀՀ քաղաքականությունը կայանում է նրանում, որ երկրում պատվաստանյութերի հնարավորինս լայն տեսականի ապահովված լինի:

«Մեր քաղաքացիները 3-րդ խթանիչ դեղաչափը ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ լայթ» տարբերակը: Պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալուց հետո մեր քաղաքացին 6 ամիս հետո կարող է ստանալ բուսթերը՝ «Սպուտնիկ լայթը»: Դրանից հետո քաղաքացին կարող է պաշտպանված զգալ իրեն ևս 6 ամիս»,- ասաց Ավանեսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

ԱՆ ղեկավարը պարզաբանեց, որ վերապատվաստումը լայն հասկացություն է, և այն իր մեջ ներառում է ինչպես խթանիչ պատվաստանյութ ստանալը, այնպես էլ լրիվ նոր 2 այլ դեղաչափեր ստանալու ընթացքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ պատմեց «Սպուտնիկ Լայթի» ՀՀ-ում արտադրելու անցած ճանապարհը:

«Բավականին երկար ճանապարհ անցանք առողջապահության, էկոնմոիկայի նախարարությունների, «Լիկվոր» ընկերության, ինչպես նաև ռուս գործընկերների հետ: Համբերատար կերպով այդ ճանապարհն անցնելուց հետո եկանք, հասանք նրան, որ արդեն ունենք ՀՀ-ում արտադրված և բոլոր հսկողական չափանիշներն անցած պատրաստի արտադրանք, որը կարող է մտնել շուկա»,-ասաց Քերոբյանը:

«Լիկվոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն, խորհրդի նախագահ Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեց՝ շատ ուրախ են, որ նախարարությունների և ռուսական Ուղիղ ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ կարողացել են ՀՀ-ում իրականություն դարձնել պատվաստանյութի արտադրությունը:

«Մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք: Ըստ մեր պայմանագրի, կատարվել է տենոլոգիական տրանսֆեր, այսինքն` արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, մեր ընկերությունը վերարտադրել է այս պատվաստանյութը, ներդրումներն արվել են մեր ընկերության կողմից: Սա կարևոր հաջողություն էր՝ թե՛ մեր ընկերության, թե՛ մեր երկրի համար»,-ասաց նա:

Ընկերությունը ռուսական արտադրական կողմից ստացված մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնարանային ռեժիմի տակ պահպանում:

Հիշեցնենք` «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։