«ՔՊ»-ը կարգելափակի սահմանազատման մասին ընդդիմության հայտարարության նախագիծը

Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական ​հանձնաժողովը մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների ջանքերով դեկտեմբերի 6-ի փակ քննարկումից հետո բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից պատրաստված և ներկայացված Ազգային ժողովի հայտարարության նախագծին, տեղեկացնում է News.am-ը։

Այս հարցի քննարկումը տևեց մոտ երկու ժամ։

Ազգային ժողովը, ըստ նախագծի, պետք է դատապարտեր.

- Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների օկուպացիան,

- Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև` Բաքվի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի հետևողական կիրառումը,

- ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաև շինծու դատական ​​գործընթացի պատրվակով նրանց վերադարձը հայրենիք ապահովելուց հրաժարվելը,

- Ադրբեջանի գործողությունները, որոնք ռազմական հանցագործություններ են և այլն։