Բելառուսը հայտարարել է Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան կոնկրետ միջոցների մասին

Ի պատասխան անօրինական պատժամիջոցների ճնշումների, որոնց նպատակն էր խարխլել Բելառուսի ինքնիշխանությունը և վատթարացնել Բելառուսի քաղաքացիների բարեկեցությունը՝ ազգային շահերը պաշտպանելու նպատակով Բելառուսի Հանրապետության կառավարությունը որոշել է արգելել մի շարք ապրանքների ներմուծումը երկիր, որոնք ծագում են անօրինական հակաբելառուսական պատժամիջոցներ կիրառող պետություններից։ Այս մասին հայտնել է ԲելՏԱ-ն՝ հղում անելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Համապատասխան վճիռը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ներքին շուկան բարեկամական երկրների նմանատիպ ապրանքներով հագեցնելու համար։

Ի պատասխան Բելառուսի ավիացիոն ոլորտի անօրինական սահմանափակումների, որոնք հիմնված են անբարեխիղճ մրցակցության վրա՝ մեր երկիրը նմանատիպ քայլեր է ձեռնարկելու Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ավիափոխադրողների հանդեպ։ Ընդլայնվել են այն անձանց ցուցակները, որոնց մուտքը Բելառուսի և Միութենական պետության տարածք անցանկալի է այն երկրներից, որոնք համակարգված խտրականություն են ցուցաբերում բելառուս պաշտոնյաների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ։

«Որպես հավաքական Արևմուտքի արտաքին ճնշմանը հակազդելու և սեփական տնտեսական անվտանգությունն ամրապնելու կարևորագույն միջոցներից մեկը՝ Բելառուսը կշարունակի իրականացնել միութենական ծրագրերը և ամրապնդել Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրումը, ինչպես նաև ամուր առևտրատնտեսական կապեր կառուցել ԵԱՏՄ գործընկերների հետ», - ընդգծել են ԱԳՆ-ում։

Նախարարությունից հայտնել են նաև, որ կիրականացվեն մի շարք այլ ոչ հրապարակային քայլեր։ «Միջոցառումները կրում են փոխադարձ բնույթ և կարող են չեղարկվել, եթե դրանցից տուժած երկրներն ու խմբերը հրաժարվեն «սառը պատերազմի» տրամաբանությունից և վերադառնան կառուցողական համագործակցության ուղուն՝ ի շահ եվրոպական մայրցամաքում խաղաղության և կայունության պահպանման և ամբողջությամբ կատարեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները», - պարզաբանել են գերատեսչությունում։

ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել առկա տարաձայնությունները փոխհարգալից երկխոսության միջոցով և հիմնվելով կողմերի շահերի վրա, տեղեկացնում է News.am։