Իշխան Սաղաթելյան. Գտնվում ենք հանրահավաքների անցկացման նախապատրաստման փուլում

Մենք հանրահավաքներ չենք անցկացնում, որովհետև նախապատրաստական փուլում ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 7-ին ասաց «Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Դիմադրության շարժումը, նրա խոսքով, պետք է դառնա համազգային շարժում, որը կգործի երկու ճակատով՝ արտաքին թշնամու և Հայաստանի իշխանությունների դեմ։ «Մենք անպայման փողոցներ դուրս կգանք, բայց ավելի կազմակերպված և համախմբված, որպեսզի մարդկանց հիասթափության չհասցնենք։ Մեր քայլերը պայմանավորված չեն իշխանությունների գործողություններով։ Մենք այժմ աշխատում ենք մարզերում, կարևորություն ենք տալիս ցանցային աշխատանքին և պատրաստ ենք լայն համագործակցության բոլոր առողջ ուժերի հետ»,- հավաստիացրեց նա՝ չնշելով, թե արդյոք «Հայաստանի» հետ պատրաստ է համագործակցել որևէ ուժ։

Իշխան Սաղաթթելյանը նշեց, որ տարեսկզբին ընդդիմությանը չհաջողվեց հասնել համաժողովրդական ապստամբության՝ հավաստիացնելով, որ առաջիկայում դրա համար կարվի ամեն բան։ «Երբ մենք հասնենք իշխանափոխության, աշխարհը Հայաստանին կնայի այլ աչքերով։ Վերջերս ես Ղարաբաղ էի մեկնել։ ԱԳՆ ղեկավարը, ինչպես նաև տարբեր ուժեր տեղում հստակ նշում էին Ղարաբաղի համար անկախության հասնելու կարևորությունը։ Բայց Հայաստանի իշխանությունների համար դա երկրորդական հարց է, այն հիմա արդեն Հայաստանի սահմանների պաշտպանությունն է ներկայացնում որպես ձեռքբերում»,- ընդգծեց փոխնախագահը։

Նա վստահություն հայտնեց, որ ժողովրդի թիկունքի հետևում բանակցություններ են վարվում, և Ադրբեջանի նախագահը պահանջել է նշել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ժամկետը։ «Կարևոր չէ՝ կանվանվի միջանցք, թե այլ կերպ, ավելի կարևոր է բովանդակությունը։ Հայաստանի իշխանությունները վաղուց չեն սպասարկում ժողովրդի շահերը»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am։