Խաղաղապահներն ապահովել են Արցախի Խրամորթ գյուղի ճանապարհի կառուցման անվտանգությունը

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգությունը նոր ճանապարհի կառուցման ժամանակ։ Ճանապարհը կանցնի կողմերի սահմանազատման գծի երկայնքով` Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ներկայումս Խրամորթ գյուղում իրականացվում են մանրախճի արդյունահանման անվտանգության ապահովման միջոցառումները։ Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչի պատճառով անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը», — ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դանիել Նիկիտինը։

Ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին` որպես բնակավայրերի միջև ավելի անվտանգ երթուղի, այնպես էլ խաղաղապահներին՝ պարեկության նոր երթուղի ստեղծելու համար։ Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։