Գերիների հարազատները փակեցին Բաղրամյան պողոտան. իրավիճակը լարված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերիների ու անհետ կորածների հարազատները ի նշան բողոքի փակեցին Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը։ Պատճառը, ըստ նրանց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իրենց հետ հանդիպման առաջարկը մերժելն է։

 

«Մենք առաջարկել էինք, որ մեզանից 20 հոգու ընդունի կամ գա այստեղ, մեզ հետ հանդիպի։ Մեզ ասացին` 2 հոգու կընդունի։ Մենք համաձայն չենք, բոլոր ծնողներին ինքը պիտի պատասխան տա։ Ուզում ենք ճանապարհը փակել, որ ինքը գա մեզ պատասխան տա»,– ասացին բողոքի ակցիայի մասնակիցները` ոստիկանության սպայի հարցերին ի պատասխան։

Նշենք, որ մինչ այդ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ–ի` Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ։ Տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանները, տեսնելով, որ նրանք շարժվում են դեպի Բաղրամյան փողոց, փակեցին Դեմիրճյանից Բաղրամյան տանող ճանապարհը։

Այս պահին իրավիճակը Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում շարունակում է լարված մնալ։ Կան նաև բերման ենթարկվածներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։