GITIS-fest-ի ժյուրիի հատուկ մրցանակը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին

Մոսկվայում տեղի է ունեցել Դիպլոմային ներկայացումների 1-ին միջազգային ուսանողական փառատոնը՝ GITIS-fest-ը, որին մասնակցել են 6 երկրների 15 թատերական համալսարաններ։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի՝ ԳԻՏԻՍ-ի մամուլի ծառայությունից։

«Լավագույն ներկայացումը Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտի «Սեր. Մահ. Սեր» բեմադրությունն էր»,- նշել են մամուլի ծառայությունում։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ են ստացել երկու երիտասարդ դերասանուհիներ՝ Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտի ուսանողուհի Էրիկա Բաբյակը «Սեր. Մահ. Սեր» ներկայացման մեջ Ագրաֆենայի դերի համար և Յարոսլավլի պետական ​​թատերական ինստիտուտի ուսանողուհի Աննա Դենիսովան։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող են ճանաչվել ևս երկու ուսանողներ՝ Ալեքսեյ Կրուչինինը Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ» բեմադրության մեջ մարմնավորելով Նեշաստլիվցևի կերպարը, ինչպես նաև Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցի սան Իլյա Վինսը, ով ներկայացել է Նիկոլայ Էվրեյնովի պիեսի հիման վրա բեմադրված «Ամենակարևորը» ներկայացման մեջ միանգամից կերտելով մի քանի դերեր՝ բժիշկ Ֆրեգոլի, Շմիթ, գուշակ և վանական։

Նշվում է նաև, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Երեք քույրեր» ներկայացումը՝ «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։

Փառատոնն անցկացվել է առցանց՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը, որին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Սերբիայի, Խորվաթիայի և Ռուսաստանի թատերական բուհերը։ Ավելի քան 3,5 հազար հանդիսատես ուսանողական ներկայացումները տեսել է վիրտուալ թատրոնի տարածքում, տեղեկացնում է Panorama.am։