ԴԱՎԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ
Իրենց հիմնական պահանջը՝ Արցախի մեծագույն մասն ստանալուց հետո Ադրբեջանը և Թուրքիան ձեռնամուխ են եղել Հայաստանի նկատմամբ հաջորդ նախապայմանի առաջադրմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմանը, ընդ որում՝ Ալիևն արդեն ժամկետ է պահանջում՝ սպառնալով հակառակ դեպքում այն ուժով վերցնել։ Ավելի վաղ Անկարան ևս պաշտոնապես Երևանին առաջադրել էր միջանցք բացելու նախապայմանը՝ իբրև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմք։ Այս լույսի ներքո ուշագրավ են Հայաստանի արևմտամետ քաղաքական ուժերի հորդոր-աղաչանքները՝ ուղղված ՆԱՏՕ-յին՝ «մեզ տեր կանգնելու» հանգույն։
Մեր նկատմամբ փաստացի պատերազմական գործողություններ վարող, արցախյան հակամարտության կողմ դարձած Թուրքիան ՆԱՏՕ-յի անդամ է, ռազմական այդ դաշինքում երկրորդ բանակն ունի ԱՄՆ-ից հետո, մերձավորարևելյան տարածաշրջանում լրջագույն դերակատար է և զավթել է հարևան երկրներից շատերի տարածքները։ Թուրքիան շարունակաբար փորձում է ընդլայնվել դեպի Արևելք, վկան՝ Արցախի դեմ պատերազմում թուրքական ներկայությունը և Ակնայում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը։ Հարավկովկասյան տարածաշրջանում սեփական ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմամբ Անկարան, մի կողմից, փորձում է հասնել հայկական տարրի բնաջնջման վաղեմի երազանքին, մյուս կողմից՝ ճանապարհ է հարթում դեպի Կենտրոնական Ասիա։
Այն գիտակցումը, որ այսօր Ադրբեջանի կախումը Թուրքիայից ահռելի է, ավելին՝ հնչող կանխատեսումները, թե այն մի օր կկործանվի կամ կդառնա թուրքական պետության մաս, ոչ միայն մխիթարական չեն, այլև շատ ավելի վտանգավոր են, քանի որ այդ դեպքում հայկական պետականության գոյության փաստն ինքնին՝ աշխարհագրորեն է հարցականի տակ է դրվելու։ Առաջին պատեհ հնարավորության դեպքում, օրինակ՝ ռուս-ուկրաինական հնարավոր լայնամասշտաբ պատերազմի կամ իրանա-աֆղանական սահմանային մարտերի, կարճ ասած՝ տարածաշրջանային անկայունության, Թուրքիան փորձելու է ոչնչացնել Հայաստանը, ընդհուպ՝ ֆիզիկապես, ռազմական ուժով։
Այդ երկիրը մխրճված է Արցախի ու Սյունիքի, ասել է, թե՝ Հայաստանի ճակատագիրը որոշելու հարցի մեջ, և որևէ գործուն ջանք՝ նրան հեռու պահելու հարավկովկասյան տարածաշրջանից, չի արվում։ Ստացվում է՝ բացառապես մեր ռազմավարական դաշնակցի և բարեկամ պետությունների հետ գործակցության մակարդակից է կախված Հայաստանի սահմանային անվտանգության հարցը։ Որքան Թուրքիան մեծացնի իր ներկայությունը մեր տարածքում՝ սկսած զավթված Արցախում զորավարժություններից, վերջացրած հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, Հայաստանը նորանոր կորուստների ու սպառնալիքների առաջ է կանգնելու։
Մեր անգործության պայմաններում չարժե ենթադրել, թե Իրանն ամեն գնով խափանելու է Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային հաղորդակցության ձևավորումը, հատկապես որ այն անցնելու է ոչ թե Մեղրիով, այլ Սիսիանով։ Սահմանային հատվածում զորավարժություններից այն կողմ Թեհրանը հաստատ չի անցնի և չի վտանգի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, թեև իր համար խիստ ոչ ձեռնտու այդ քայլին։
Հետպատերազմյան Հայաստանում ձևակերպված չեն ո՛չ առաջնագծի զինվորի, ո՛չ էլ դիվանագիտական ճակատի առջև դրված խնդիրները, անելիքներն անհստակ են։ Ինչպես պատերազմի օրերին ասվում էր «Հաղթելու ենք»՝ առանց սահմանելու հաղթանակի ընկալումը, և այն դառնում էր ամորֆ ու անորոշ մի հասկացություն, այդպես էլ «միջանցքային տրամաբանության» մերժման քողի տակ թշնամուն իրականում հենց միջանցք է տրվում։ Սողացող պատերազմի ավարտը չի ազդարարվելու, Արցախի և Հայաստանի զավթմանը վերջակետ չի դրվելու, քանի դեռ թշնամուն խոստացված բոլոր զիջումներն արված, իսկ նախապայմանները՝ բավարարված չեն։