Հաղթաթո՞ւղթ, թե՞ նոր խաղաքարտ Ադրբեջանի ձեռքին. ինչ տվեց Հաագայի դատարանի որոշումը ՀՀ-ին

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հայկական կողմի սպասելիքները շատ ավելին էին, քան դրանք արձանագրվեցին որոշման տեքստով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՄԱԿ-ի միջազգային դատարանը մասնակի բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի` խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով գանգատը։ Սակայն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու հայկական կողմի պահանջը մերժվել է։

Հաագայի դատարանը մասնակի բավարարել է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված համանման հայցը։

Թե ինչո՞ւ է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշել մերժել հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Սահակյանը դժվարանում է ասել։ Համոզված է` Հաագայի դատարանում հայկական կողմի գանգատը ներկայացնող թիմում քիչ չեն պրոֆեսիոնալները։

«Դժվար է մեկնաբանել` արդյոք դա վատ պաշտպանության հետևանք էր, թե քաղաքական գործոններն են ազդել։ Գուցե պահանջն է իսկզբանե սխալ դրվել, որ երբևէ չէր էլ կարող այս գործընթացի շրջանակում բավարարվել, բայց այս մերժումը խաղաքարտ է դառնալու Ադրբեջանի ձեռքում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Սահակյանը կարծում է, որ այս որոշումից հետո Ադրբեջանը կփորձի գերիների հարցն ավելի շատ շահարկել և բանակցություններում ցույց տալ, որ կարճաժամկետ հեռանկարում հարցի լուծումը հնարավոր է միայն որոշակի քաղաքական զիջումների դիմաց։ Նրա խոսքով` որպես հակազդող գործիք այստեղ Հայաստանի իշխանությունը գերիների վերադարձի հարցը կարող է քննարկել պատերազմական հանցագործությունների տիրույթում և ստիպել սանկցիաներ կիրառել գործընթացը ձախողող պաշտոնյաների նկատմամբ։

«Բայց ես մտավախություն ունեմ, որ այդ համարձակ քայլին Հայաստանի իշխանությունները չեն գնա, և չեմ բացառում, որ նրանք գերիների վերադարձը կարող են օգտագործել որոշ զիջումներ արդարացնելու նպատակով »,- նշեց Սահակյանը։

Իրավապաշտպանը դրական է գնահատում մյուս հարցերի վերաբերյալ դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու փաստը։ Որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ պետական մակարդակով ռասայական, էթնիկ խտրականություն է քարոզում, մինչդեռ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գանգատի դեպքում որոշման տեքստում նշվում է, որ Հայաստանում խտրականության մասին քարոզն իրականացվում է որոշակի անհատների կողմից։

«Այստեղ արդարացիորեն անարդարության զգացում կարող է առաջանալ, որ մենք դարերով թուրք-ադրբեջանական խտրականության զոհ ենք եղել, սակայն դատարանը կարծես թե նաև ադրբեջանցիներին է պաշտպանում հայերից։ Պետք է նկատի ունենանք, որ ՄԱԿ-ի դատարանը չի կարող հաշվի չառնել քաղաքական նախադրյալները, վաղ փուլում ունենալ միայն բավարարում Հայաստանի նկատմամբ և մերժել ադրբեջանական բոլոր պահանջները։ Դատարանը փորձում է չեզոք լինել, հավասարության նշան դնել կողմերի միջև։ Բայց անգամ այս պայմաններում դատարանը ցույց է տվել, որ դրսևորումները նույնական չեն»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Սահակյանը կարևոր ձեռքբերում է համարում նաև Ադրբեջանում գտնվող հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության, հայկական ժառանգության, մշակույթի, կրոնական և այլ արժեքների պահպանման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը։

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գանգատում ներկայացված` «ազատագրված» ականապատ տարածքների քարտեզների տրամադրման պահանջը ևս մերժել է դատարանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարությանը, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից 3 օր առաջ, Սահակյանը դարձյալ սլաքներն ուղղում է ՀՀ իշխանությունների դաշտ։

Ասում է`օրվա քաղաքական իշխանության թուլությունից է, որ ադրբեջանցիներն այս հարցում ևս փորձում են հանդես գալ հաղթողի դիրքերից և սեփական ժողովրդին, հայ հասարակությանն ու միջազգային խաղացողներին ապացուցել, որ այն, ինչը հնարավոր չէ իրավական դաշտում լուծել, Ադրբեջանը լուծում է քաղաքական հարթության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։