Տիգրան Աբրահամյան․ «3+3» ձևաչափն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել

«Նիկոլ Փաշինյանի ստացած «ազդակները» հանրության համար չեն կարող հիմք լինել, որովհետև այս ընթացքում Փաշինյանը տարբեր գործընթացների կամ հանդիպումների հետ կապված՝ հայտնել է «դրական ազդակների» մասին, բայց դրանից հետո իրավիճակը կամ լայնամասշտաբ ռազմական գործողությունների է վերածվել, կամ սահմանի որևէ ուղղությամբ լոկալ մարտերի», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանից ստացված դրական ազդակների հիմքով՝ «3+3» ձևաչափի շրջանակում չեն քննարկվելու հարցեր, որոնք ներառված են այլ ձևաչափում, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ-ում։

Ըստ պատգամավորի՝ «3+3» ձևաչափն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում տարվող բանակցությունների համար, ինչի վկայություններից է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպումների չեղարկումը՝ Ադրբեջանի կողմից։

«Սրան գումարվում են նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի։ Այս պարագայում առաջին խնդիրը, որը պետք է հասկանալ «3+3» ձևաչափի շրջանակներում, թե առհասարակ հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու։ Արցախին վերաբերող հարցերից բացի, մեզ համար դեռևս պարզ չէ նաև, թե ինչ այլ թեմաներ են քննարկվելու, ինչ է առաջ քաշվելու, որոշումներն ինչ ֆորմատով են ընդունվելու դրանք լինելու են կոնսենսուսայի՞ն, թե՞ մեծամասնության միջոցով։ Այսինքն, կան մեծ թվով հարցեր, որոնք որևէ կերպ հստակեցված չեն, հրապարակային չեն», - ասաց պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով՝ եթե Հայաստանը մտնում է այդ ձևաչափի մեջ, ապա առաջին հերթին հենց ինքը պետք է հստակեցումներ անի, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում կամ ներկայացնելու «3+3»-ը և ինչ տրամաբանության ներքո է Հայաստանը մտնում այդ խաղի մեջ։

«Չի բացառվում, որ սա կարող է ընդհանուր իրավիճակի լարման ևս մեկ դետալ դառնալ», - ասաց Աբրահամյանը՝ վերահաստատելով իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիմք չէ, որ գործընթացները գնում են կառուցողական հունով կամ տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի շրջանակում, տեղեկացնում է Aysor.am։