ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՇԵՆԱՑՄԱՆԸ...

2021 թ. դեկտեմբերի 8-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության աշխատակազմի անդամները, կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանի գլխավորությամբ այցելեցին Սյունիքի մարզի Կապան քաղաք:

Նախ, Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մասնակցությամբ շրջայց կատարվեց Գրիգոր Արզումանյան փողոցի 111/1 հասցեում ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցվող հանրային նշանակության գոտու և պուրակի շինարարական հրապարակ:

Շրջայցի մասնակիցները տեղում ծանոթացան շինարարության ընթացքին, օգտագործվող նյութերի որակին, զրուցեցին շինարարության պատասխանատուների հետ, քննարկվեցին հանձնման ժամկետները և այլ կազմակերպչական հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ նշված հասցեում գտնվող 1,7645 հա մակերեսով հողամասում Միավորման կողմից կառուցվում է մարզահամալիր, բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, շատրվան, ճեմուղիներ, սրճարան, հանգստի գոտիներ: Տնկվելու են արագահաս և սաղարթախիտ ծառեր, ձևավորվելու են սիզամարգեր:

Պուրակի կառուցումը մեկնարկել է 2020 թ մայիսին։

Մարզահամալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ. մայիսին, իսկ մյուս ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները կավարտվեն 2023 թ. հունիսին։

Օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնում են «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ն և «Կապաննորոգշին» ՍՊԸ-ն, իսկ ճարտարապետական մասն իրականացրել է «Ֆուլ-Արտ» ՍՊԸ-ն:

ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանն իր խոսքում նշեց, որ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1.74 մլրդ. ՀՀ դրամ: Հանրային նշանակության գոտում ստեղծվելու է շուրջ 40 աշխատատեղ, որի համալրման նպատակով շուտով կհայտարարվի ընդունելություն: Մարզահամալիրի մարզչական խմբի համար կկազմակերպվեն վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ։

Այնուհետև տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից Կապան համայնքին КАМАЗ КО-440В մակնիշի հատուկ աղբատար մեքենայի նվիրաբերության արարողությունը:

Առհասարակ աղբահանությունը Կապան քաղաքում և հարակից գյուղական բնակավայրերում իրականացվում է պատշաճ մակարդակով: Սակայն, ինչպես իր շնորհակալական խոսքում նշեց համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, նոր աղբատար մեքենան հնարավորություն կընձեռնի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն առավել բարձր մակարդակով կազմակերպել խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձ կատարեցին Կապանի համայնքային զարգացման ծրագրի առաջնահերթություններին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին ապագայում ևս աջակցության նոր ձևաչափեր մշակելու և իրագործելու ուղղությամբ: