«ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՍԱՆՁԵԼ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 5-ին կայացած Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս» դաշինքը կազմեցին կոալիցիա և ստորագրեցին միասնական հայտարարություն, որով երկու վերոհիշյալ դաշինքները պայմանավորվեցին համայնքապետի միասնական թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնական ձևավորելու մասին։

Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն իր հովանավորների միջոցով օգտագործելով պետական իշխանության լծակները փորձ է անում յուրացնել Վարդենիսի ժողովրդի ազատ կամքով ձևավորվելիք իշխանությունը։

Մասնավորապես՝ այսօր կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին, դրանով նպատակ ունենալով վերջինիս զրկել համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով և փորձ է արվում ապահովել իրենց համար ցանկալի արդյունք։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը դատապարտում է նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում են և ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է անում քաղաքական իշխանությանը սանձել Վարդենիսում բռնաճնշումներ իրականացնող թիմակիցներին։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի ֆեյսբուքյան էջ