Մոսկվան Ալեն Սիմոնյանի վերջին արտահայտությունների հետ կապված թեման փակված է համարում
Մոսկվան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին արտահայտությունների հետ կապված թեման փակված է համարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր Հայաստանի խորհրդարանի ղեկավարի արտահայտություններին «Լավրովի պլանի» մասին՝ հայտարարելով, որ դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի երևակայության մեջ, այլ ոչ թե իրականության։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։
«Նշված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, վկայակոչելով «հայ հասարակության մտքերն» այն մասին, թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարեց. «Եթե որևէ մեկը (Հայաստանում) պատրաստվում էր ինչ-որ բան հանձնել, դրա համար կային մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Լավրովի պլանը»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել», - լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի երևակայության մեջ, այլ ոչ թե իրականության։ Նման մտացածին իրողություններից է նաև «Լավրովի պլանը», - նշել են նախարարությունում։
Նաև հավելել են, որ «հանձնելու» մասին չի կարելի խոսել, քանի որ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծման մասին, տեղեկացնում է News.am-ը։