ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁևԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՋԵՄ ՕԶԴԵՄԻՐԸ ԳԴՀ-Ի ՄԻԳՐԱՑԻՈՆ ԱՆՑՅԱԼՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՐԱՐՆ Է

Գյուղատնտեսության նոր նախարար Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության միգրացիոն անցյալով առաջին նախարարն է, գրել է DW-ն։

Նրա ծնողները՝ աշխատանքային միգրանտներ, եկել էին Թուրքիայից անցյալ դարի 60-ականների սկզբին, երբ Գերմանիան աշխատող ձեռքերի խիստ պակաս ուներ, և այդտեղ էլ հանդիպել են։ Օզդեմիրը ծնվել է 1965 թվականին Բադեն-Վյուրտեմբերգի Շտուտգարտի մոտ գտնվող Բադ Ուրախ քաղաքում:

16-ամյա Օզդեմիրը միացել է Կանաչների կուսակցությանը, որտեղ հաջող կարիերա է ունեցել. 1994 թվականին դարձել է Բունդեսթագում ծագումով թուրք առաջին պատգամավորը, իսկ 2008-2018 թվականներին եղել է այդ կուսակցության երկու համանախագահներից մեկը։ Նոր կառավարությունում «կանաչ» նախարարական պորտֆելների համար ներկուսակցական պայքարում նա շրջանցել է խորհրդարանական խմբակցության համանախագահ, կենսաբան Անտոն Հոֆրայթերին (Anton Hofreiter)։

Օզդեմիրը եղել է Բունդեսթագի կողմից 2016 թվականի հունիսի 2-ին հաստատված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման նախաձեռնողն ու ամենաակտիվ աջակիցներից մեկը։

Դրանից հետո նրա հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել։ Ընդ որում՝ մահվան սպառնալիքների քանակը հասել է այն մակարդակի, որ քրեական գործերով դաշնային գերատեսչությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովի քաղաքագետի անվտանգությունը։ «Հայհոյանքներին և վիրավորանքներին մենք արդեն սովորել ենք, բայց մահվան սպառնալիքների այդքան մեծ թվի դեռ չէինք բախվել»,- այն ժամանակ հայտարարել էր քաղաքական գործչի մամուլի քարտուղար Մարկ Բերթոլդը։

Վերջին տարիներին Ջեմ Օզդեմիրը հիմնականում զբաղվում էր արտաքին քաղաքական թեմաներով՝ չհետաքրքրվելով ագրարային հարցերով։ Ճիշտ է, մեկ աղմկոտ շփում բուսաբուծության հետ նա ունեցել է՝ 2014-ին համացանցում հայտնվել էր Օզդեմիրի մասին տեսանյութ և նրա պատշգամբում մարիխուանայի թուփ: Քաղաքական գործչի դեմ հարուցված գործը շուտով փակվել էր իրավախախտման աննշանության համար, և նա ինքն էլ ավելի ուշ հայտարարել էր, թե պատահական չէ, որ բույսը հայտնվել է կադրում։ Այսպիսով, իբր Օզդեմիրը ցանկացել է աջակցել իր կուսակցության քաղաքական պահանջին՝ կանեփի օրինականացմանը։ Նա գրեթե հասել է իր նպատակին՝ նոր կառավարությունը մտադիր է իսկապես օրինականացնել մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը։

News.am