ԵՐԲԵՔ ՉՓԱԿԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԷՋԸ

Այսօր քչերն են հիշում, որ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ Հայաստանում հայտարարվել էր աշխարհազորի ձևավորման մասին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն անգամ պահեստազորի սպաներին ՊՆ էր հրավիրել, խորհուրդ հարցրել։ Առավել քչերը գիտեն, որ, օրինակ, աշխարհազորի մասին փաստաթուղթը միայն ՀՀ-ին էր առնչվում, Արցախի մասին դրանում որևէ հիշատակում չկար։ Մինչև պատերազմը, ստացվում է, իշխանությունն առնվազն կամավորականների հավաքագրման օրենսդրական արգելք էր սահմանում Արցախի պաշտպանության հարցում, թեև բուն պատերազմի օրերին, առանց պատշաճ հանդերձավորման ու անհատական պաշտպանության միջոցներ ապահովելու, աշխարհազորայիններին ուղարկում էր մսաղաց։

Երբ անցած տարվա հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը, Գորիսում մեկտեղելով սյունեցի համայնքապետերին, կոչ էր անում Սյունիքը պաշտպանելու, բնակիչներին զինելու, ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանին էլ կարգում էր այդ գործի պատասխանատու, ի՞նչ նպատակ էր հետապնդում։ Պատերազմի ավարտից երեք շաբաթ առաջ, երբ թշնամին շատ հեռու էր Սյունիքի դարպասներից, ինչո՞վ էր բացատրվում նրա այս կասկածելի հոգատարությունը հետագայում իր կողմից խորապես անտեսված և թշնամուն հանձնված մարզի նկատմամբ։

Հիշողությունը փոքր-ինչ լարելու դեպքում կպարզվի, որ Արցախի թիկունքում խուճապային տրամադրություններն սկսեցին ձևավորվել հենց այդ սյունիքյան հանդիպումից հետո։ Արցախցիների համար ակնհայտ էր, որ եթե Հայաստանի վարչապետն արդեն Սյունիքի անվտանգության ապահովմամբ է զբաղվում, ուրեմն Արցախը հանձնվելու է։ Ուշագրավ է, որ այդ ժամանակ Սյունիքից Արցախ ցամաքային կապը դեռևս ամբողջապես մեր վերահսկողության ներքո էր՝ Բերձորից մինչև Կովսական։

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերի՝ Հայաստանում երբեք չի փակվելու 44-օրյա պատերազմի հանգամանքների և մեղավորների վերհանման թեման։ Որքան էլ նա առաջին պատերազմում մեր հաղթանակը կռած հրամանատարներին մեկուսացնի, հետապնդի, բանտարկի ու վարկաբեկի, նրանց փոխարինի անփորձ ու անողնաշար սպաներով ու գեներալներով՝ հայկական բանակը գետնատարած տեսնելու նրա ձգտումը չի իրականանալու։ Որքան էլ հանրության սև-սպիտակի բաժանմամբ ու մասնատմամբ փորձի հարվածել բանակին ու կազմալուծել այն, միևնույն է՝ չի հաջողելու, մեր զինուժը վերագտնելու է իր երբեմնի հաղթական փառքը։

Դրա համար անհրաժեշտ է, որ հազարավոր զինվորների ծնողներ արթնանան թմբիրից, իրենց որդիների ապահովությունն ու բանակի մարտունակությունը վեր դասեն այդքան չարչրկված ելակից։ Գերիների և անհետ կորածների հարազատները, ավելի քան մեկ տարի խաբվելուց, իրենց զավակների մասին ամենաստոր հերյուրանքները լսելուց հետո վերջապես վճռականորեն պատասխան պահանջեն օրվա իշխանությունից։

Չհրապարակված անուններով հազարավոր զոհերի բարեկամների պահանջը պետք է լինի ի վերջո հնչեցնել իրենց հերոսների անունները, ներառել ցուցակներում, իրենց որդիների սխրանքների մասին խոսել բարձրաձայն։ Զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերիների տվյալների հարցում այս իշխանությունը վաղուց արդեն խճճվել է սեփական ստերի մեջ և հավանաբար չի էլ հիշում, թե որտեղ ինչ թվեր է հրապարակել։ Քանի դեռ իրենց մաշկի վրա կորստի ցավն զգացած այս ընտանիքները բողոքի վճռական ձայն չեն բարձրացրել, իշխանությունը սեփական պաշտոնավարմանը որևէ վտանգ չի զգալու։