Մենուա Հովսեփյանի գործով վկա է հարցաքննվել. կալանքը փոխելու միջնորդություն կներկայացվի
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ ընթացել է Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։
«Այսօրվա նիստի ժամանակ մի վկայի են հարցաքննել, որը հայտնեց, թե ինչու է Գորիսի համայնքապետարանից գումար ստացել։ Մասնավորապես, նա ասաց, որ պատերազմի ժամանակ մոտ 800 մեր հերոսների աճյուններն է տեղափոխել իր տրանսպորտային միջոցով։ Տեղափոխման ժամանակ մեքենան վնասվել է` 1500 դոլարի վնաս է պատճառվել, որի համար էլ նա համայնքապետարանին է դիմել և որոշակի օգնություն խնդրել։ Ինչի համար իրեն 200 000 դրամ է տրվել, ինչպես նաև իր մեքենան վարած մեկ այլ վարորդին է նույնքան գումար տրվել»,–ասաց Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով` ճիշտ է, կան բաներ, որ համայնքապետարանը պետք է քններ և հետո որոշում կայացներ, սակայն սահմանված կարգի խախտումը դեռևս հանցագործություն չէ։
Ըստ փաստաբանի` այս դեպքում կարող են համայնքապետարանից դուրս գրված գումարները հետ վերադարձվեն և վերջ, գործը փակվի։ Մելքոնյանը հավելեց, որ, օրինակ, գործով վկաներից մեկն էլ 70-ն անց կին է, որը սոցիապես անապահով է։ Նա 20 000 դրամ հողի հարկ է պարտք եղել, սակայն հացի գումար էլ չի ունեցել։ Կնոջ դիմումի համաձայն` քաղաքապետարանը 50 000 դրամ է նրան հատկացրել։
Պաշտպանը հավելեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին։