ՊՆ ՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՅԼ ԲԱՆՈՎ. ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ԲԱՆԱԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ում կատարած գրառմամբ անդրադարձել է բանակում կատարվող հանցագործությունների պատճառներին։

«Բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակով, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակով»,– գրում է նա` հավելելով, որ պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։

Նրա խոսքով` կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին, սակայն, ընդդիմադիր պատգամավորն առայժմ ձեռնպահ է մնում խոսել։

Փոխարենն Աբրահամյանը նշում է, որ այդ խնդիրների կարգավորում ակնկալել չի կարելի, քանի դեռ իշխանության ղեկին անձինք են, որոնք նման կամք չունեն։

«Իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական. նման խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին»,– գրում է Աբրահամյանը։

Sputnik Արմենիա