ՈՉ ՄԻԱՅՆ ԳԼԽԻԿՈՐ ԲԱՆԱԿՑՈՂԸ, ԱՅԼԵՎ ՊԱՐՏՎԱԾ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Խորհրդարանական վերջին հարցուպատասխանից հետո ամենաճնշող գիտակցումն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն 44-օրյա աղետալի պատերազմում, այլև ապագա անխուսափելի մեծ ու փոքր ճակատամարտերում, սահմանային սադրանքներում, ընդհուպ՝ հնարավոր լայնամասշտաբ պատերազմում է փաստացի գերագույն գլխավոր հրամանատարը լինելու, որքան էլ ԱԺ-ն պատերազմ հայտարարած չլինի։ Կարևորը՝ պատերազմի ամբողջ ընթացքում ստելն է, ապաշնորհ ռազմաքաղաքական ղեկավարման արդյունքում զորքերում ու թիկունքում խուճապ հրահրելը, վերջում՝ մեղքը բացառապես բանակի վրա բարդելը։ Ինչ խոսք, այս շնորհներով Փաշինյանը լիուլի օժտված է։
Գերիներին դավաճան որակող այս իշխանությունը, չմոռանանք, գեներալի, Ազգային հերոսի, բարձրագույն այլ կոչումների ու պետական պարգևների էր ներկայացնում մարդկանց, որոնք, պարզվում է, մի քանի բլրակ են պահել, բայց կապիտուլյացիայից հետո դրանք էլ են լքել։ Իրավիճակի աբսուրդը, սակայն, այն է, որ այդ պարգևատրվածների մեծագույն մասը ևս պարտությունից հետո մեղադրվեց, հետապնդվեց, պաշտոնազրկվեց ու կալանավորվեց, ասել է, թե՝ համալրեց քավության նոխազների շարքը։ Փոխարենը՝ բանակը մնաց անգլուխ և անողնաշար, մարտական փառավոր ուղի անցած սպաներին ու գեներալներին, առաջին պատերազմի հաղթած հրամանատարներին պարզապես մեկուսացրին ասպարեզից։
44-օրյա պատերազմի, ապա դրան հաջորդած տեղային մարտերի փորձը բավարար չէ՞՝ հասկանալու, որ Փաշինյանն ու նրա նշանակած ռազմաքաղաքական վերնախավը չունեն զորքերի կառավարման և համակարգման ունակություն։ Կարևորը, օրինակ, Նուբարաշենի զորամասում կամավորականների առաջ պաթետիկ ելույթ ունենա՞լն է, թե՞ վերջնարդյունքը՝ տղաներին նպատակային նշանակությամբ և ամբողջապես պատրաստ մարտադաշտ ուղարկելը։ Լրահամալրման պատասխանատուներն առայսօր չեն պարզաբանել՝ ինչո՞ւ զորքը տեղ չէր հասնում, քանի՞սն էին մարտադաշտում հայտնվում։ Միգուցե զինվորական համազգեստով վարչապետին ծափահարող տղաների կադրն անմահացնե՞լն էր գերնպատակը։
Ուշագրավ մտավարժանք է այս կառավարությամբ և ԱԺ-ով հնարավոր նոր պատերազմում Հայաստանի կառավարումը պատկերացնելը։ Թե՞ պարզամիտներին թվում է, որ 44-օրյա պատերազմը մեր վերջին գոյապայքարն էր։ Երևակայել կարելի է պատերազմի սարսափները, քաոսն ու պարտության բարոյալքումը տեսած զորքի ու բնակչության հոգեվիճակը նոր պատերազմի դեպքում՝ պարտված իշխանության հրամանատարությամբ։ Կարողանալո՞ւ է Փաշինյանի ընտանեկան կապալը նայել զոհերի մայրերի, կանանց ու երեխաների աչքերին, թե՞ դարձյալ պնդելու է, որ մեր զոհերը «հանուն ոչնչի» էին։ «Էրատո» ջոկատը դարձյալ դիրքե՞ր է բարձրանալու ու չի իջնելու այնտեղից նույնիսկ պատերազմից հետո՞, լեգենդար Քյոխի պես՝ մահվանն ընդառա՞ջ, թե՞ հանուն խնամված տեսքով սելֆիների։
Հրաշալի կլիներ, իհարկե, որ պետական կառավարման ղեկին գտնվեր բանակցային լուրջ պոտենցիալ ունեցող, դաշնակից և բարեկամ երկրների կողմից իսկապես որպես գործընկեր ընկալվող մեկը, բայց քանի որ Փաշինյանն այդպիսին չէ, մշտապես պետք է պատրաստ լինել թշնամու նորանոր արկածախնդրությունների։ Հայաստանի վիլայեթացումը բնավ ուտոպիստական սցենար չէ այս հունով շարունակելու դեպքում։
Արցախի մեծագույն մասի կորստից հետո գերագույն հրամանատարը կառավարության կոտրված բռնակներից ու գողացված օծանելիքից էր խոսում, Շուշիի դավադիր և Քարվաճառի անկրակոց հանձնումն ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով էր հիմնավորում։ Արմատահան մարդու համար ամեն ինչ հանդուրժելի է, նույնիսկ Հայաստանի բնակավայրերի շարունակական զիջումը։ Եվ եթե հանրությունը պատրաստակամ չէ դիմադարձ կանգնելու այս խայտառակությանը, հեշտությամբ հրաժարվում է իր արմատից, պատմությունից ու գենից, ուրեմն Փաշինյանն իրապես մեզ արժանի գերագույն հրամանատար է։