Արամ Վարդևանյան․ Հանդիպե՞լ են Ռոբերտ Քոչարյանը և Հայկ Մարությանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց լուրերը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Վարդևանյանը նման հայտարարություն արեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` հերքելով մամուլում շրջանառվող լուրերը։

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։ Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման գնահատականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցնում է` Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։

Լրագրողների հարցին, թե ցանկություն կա՞ Հայկ Մարությանի հետ հանդիպելու, Վարդևանյանն արձագանքեց, թե չի պատկերացնում` ինչի համար պետք է նման ցանկություն առաջանա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։