Եղիշե Կիրակոսյան․ Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
Ադրբեջանից գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի դատարան դիմելուն զուգահեռ հայկական կողմը շարունակում է գործընթացը ՄԻԵԴ-ի շրջանակում, իսկ օրերս նոր ապացույցներ են ներկայացվել և որոշում է ընդունվել միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ, դատարանն Ադրբեջանից պահանջել է տվյալներ ներկայացնել պահվող անձանց մասին։
Պատասխանելով հարցին, թե ինչու ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանին չի պարտավորեցրել վերադարձնել գերիներին, Կիրակոսյանը նշեց, որ դատարանը խնդիրը համարում է ՄՄԻ ոլորտին պատկանող խնդիր, այլ ոչ թե ռասայական խտրականության բոլոր տեսակների կանխարգելման հարցով կոնվենցիա։ Նրա խոսքով՝ հայկական կողմը բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը։
Դատարանը վճռել է, որ կոնվենցիայի շրջանակում վերադարձի իրավունք նախատեսված չէ, և նման մեխանիզմ կա ՄՄԻ-ում, սակայն այս հիմքով հնարավորություն չի եղել դիմել ՄԱԿ-ի դատարան։
«Մենք գիտեինք, որ նման սցենար հնարավոր է, բայց չէինք կարող չբարձրաձայնել: Գերիների ու պատանդների վերադարձի հարցը մնում է օրակարգում, և բոլոր միջոցները պետք է օգտագործվեն»,-վստահեցրեց Կիրակոսյանը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը չնշեց գերիների թիվը, սակայն շեշտեց, որ դատարանը տեղեկություններ է ներկայացրել ինչպես ԱՀ-ի կողմից հաստատված, այնպես էլ չհաստատվածների մասին, քանի որ տվյալներ կան, որ նրանք գտնվում են Ադրբեջանում։
Ինչ վերաբերում է գերությունից վերադարձածների նկատմամբ հարուցված քրեական գործերին, Կիրակոսյանը նշեց, որ դրանք իրենց աշխատանքի հետ կապ չունեն։ Նա նշեց, որ եթե կան հիմքեր, ապա պետք է լինեն գործեր, տեղեկացնում է News.am-ը։