ՆԻԿՈԼԻ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱ՞Ն
Դեկտեմբերի 8-ին խորհրդարանում Փաշինյանը հանդես եկավ մի շարք կարևոր հայտարարություններով, որոնք, ինչպես հետո ասացին ընդդիմադիրները, «պետք է համամակողմանի ուսումնասիրվեն և հետաքննվեն»: Ցավոք, մեծապես կասկածում ենք, թե դա կարվի, հենց թեկուզ այն պատճառով, որ ընդդիմության ականջի կողքով անցավ, օրինակ, նրա այն վտանգավոր հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»:
Այդ կերպարը երբեք եվ ոչինչ չի ասում հենց այնպես, ինչը հաստատվել է բազմիցս: Ուստի տվյալ արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, պետք է համարել հասարակական կարծիքի նախապատրաստում, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է համաձայնել Արցախն Ադրբեջանի կազմում ներառելուն։ Այդ մասին են վկայում պատերազմից հետո անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների բազմաթիվ գործողություններն ու անուղղակի գործոնները, բայց թերևս առաջին անգամ է բացահայտ հայտարարվում։
«2018-ին գալով իշխանության՝ ես ժառանգեցի բանակցային գործընթաց, որի տրամաբանությունը չէր ենթադրում Լեռնային Ղարաբաղի գտնվելը Ադրբեջանից դուրս,- ճամարտակում էր Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։- Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը։ Ես ասում եմ, որ պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների վերադարձն էր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման»։
Այստեղ առհասարակ շատ բան կարելի է հիշեցնել։ Օրինակ, որ պատերազմի սկսվելու պահին նա արդեն ավելի քան երկու տարի ղեկավարում էր երկիրը՝ հայտարարելով, թե «ինչ որ պետք ա, էն էլ բանակցում եմ»։ Կամ ներկայացնել բանակցային գործընթացի հայտնի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ նա, մեղմ ասած, ստում է և խեղաթյուրում փաստերը։ Հիշեցնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների տապալումը իր իշխանության գալուց անմիջապես հետո։ Ինչպես նաև հիշեցնել 2016-ի հոկտեմբերին Ալիևի ասած խոսքերն այն մասին, որ բանակցությունների կուլիսներում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։
Այդ ամենը կարելի է անել, եթե մարդը անկեղծ մոլորության մեջ է կամ ինչ-որ բան ասում է անտեղյակորեն, բայց ոչ այն դեպքում, երբ նա ստում է գիտակցված, միտումնավոր ու լկտիաբար։ Քանզի երկրորդ դեպքում սուտը ունի միանգամայն հստակ նպատակ, որը տվյալ դեպքում տեղավորվում է նույն այդ նախադասության մեջ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»: Կարելի՞ է արդյոք համարել այս հայտարարությունը Հայաստանի պաշտոնական դիրքորոշում, որը շարունակ պահանջում է բարձրաձայնել հասարակայնությունը։
Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների և անձամբ Փաշինյանի քաղաքականությունը իշխանության գալուց դեռ շատ առաջ (ինչն ամրագրված է իր լրագրային հոդվածներում), հաշվի առնելով նրա գաղափարական մտերմությունը Տեր-Պետրոսյանի հետ, պատասխանը գործնականում միանշանակ է. Հայաստանի իշխանությունները մտադիր են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով իսկ վերջնականապես փակել Արցախի հարցն իրենց համար։ Փաշինյանը պատրաստվում է դա անել իր տերերի ցուցումով և նախապես հող է նախապատրաստում՝ կրկին փորձելով մեղքը բարդել ուրիշների վրա։
Հիշեցնեմ, որ դեռևս 1992թ. մարտին, Արցախյան ազատամարտի թեժ պահին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «... հայկական կողմը կարող է առաջարկել հետևյալ տարբերակը. Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի ճանապարհների լիակատար ապաշրջափակում և Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության ապահովում: Ահա այս որոշումն այսօր, կարծում եմ, ընդունելի կլինի և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի համար։ ...Կցանկանայի մտածել, որ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին. չէ՞ որ Ղարաբաղն այդ դեպքում մնում է Ադրբեջանի կազմում, հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիներն էլ իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն»:
Այժմ հարց. ինչո՞վ է այս դիրքորոշումը տարբերվում Փաշինյանի հայտարարությունից, որը նա առաջին անգամ հնչեցրել է 2018 թվականի գարնանը և հետագայում էլ բազմիցս կրկնել. «Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»։ Նման են, ինչպես հեշտ է համոզվել, նույնիսկ ձևակերպումները, չենք խոսում արդեն էության մասին։ Եվ եզրահանգումը կարող է լինել նույնքան միանշանակ. Փաշինյանը ոչ միայն ավարտին է հասցնում իր քաղաքական ուսուցչի ծրագրերը, այլև իրականացնում արտաքին ուժերի կողմից դեռևս 90-ականների սկզբին մշակված ծրագիրը։ Տարածաշրջանի տիկնիկավարները չեն հրաժարվել իրենց մտադրություններից, 90-ականների կեսերին չստացվեց, փոխարենը հիմա խամաճիկն այն աստիճան հնազանդ է, իսկ իրավիճակը՝ այնքան բարենպաստ, որ խնդիրներ պիտի որ չառաջանան...
Մինչդեռ բառացիորեն մի քանի օր առաջ ՀՀ ԱԳՆ-ը, որը գլխավորում է Փաշինյանի մերձավոր թիմակիցը, իր հայտարարության մեջ ընդգծեց. «Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո»:
Հիշեցնեմ նաև, որ միայն վերջին երկու ամիսներին Արցախում ցուցադրաբար սպանվել է 4 մարդ. հոկտեմբերի 9-ին՝ տրակտորիստ Արամ Տեփնանց, նոյեմբերի 8-ին՝ ջրմուղագործ Մարտիկ Երեմյանը, դեկտեմբերի 3-ին՝ հովիվ Սեյրան Սարգսյանը: Դեկտեմբերի 5-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը. այս սպանությունը գործնականում չնկատված մնաց: Նույն ժամանակահատվածում Մարտունու շրջանի բնակիչ Միհրան Մուսայելյանը առևանգվել է ադրբեջանցիների կողմից, մեկ օր անց վերադարձվել՝ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ հետքերով: Այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Արցախի տարբեր համայնքները, արդեն խոսելն անգամ ավելորդ է։
Ընդգծեմ. փաստացի ցեղասպանության այս քաղաքականությունն իրականացվում է ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում։ Թե ինչ կլինի, եթե Հայաստանը համաձայնի Արցախն Ադրբեջանի կազմում ներառելուն, դժվար չէ պատկերացնել։ Խաղաղապահները ավելորդ կդառնան. Բաքուն կպահանջի դուրս բերել նրանց իր տարածքից, և հայ բնակչությունը լիովին կհայտնվի ցեղասպան երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանության ներքո։ Տարածաշրջանի տիկնիկավարները դատապարտում են արցախցիներին նոր ցեղասպանության, ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ, տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի օրինակով, համաձայնում են։
Մնում է հասկանալ. Հայաստանում կգտնվի՞ մի ուժ, որը կրկին կխոչընդոտի դրան։