ՉՄՈՌԱՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր հանրությանը բնորոշ քաղաքագիտական պարզամտություններից մեկն իշխանությանը տևականորեն ծառայած, սակայն որոշակի փուլում նրա հետ ինչ-ինչ խնդիրներ ունեցած և համակարգից հեռացված կամ ազատված գործիչներին անհարկի հերոսացնելն է։ Դա այսօր արվում է դեռևս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, բայց փորձարկվել է շատ այլ գործիչների դեպքում՝ երբեմն «ազատելով» նրանց իրենց բաժին պատասխանատվությունից։

Օրինակ, գրեթե միանշանակ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանն առնվազն տեղեկացված են եղել և՛ նախագահ Արմեն Սարգսյանը, և՛ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, այլ հարց է՝ մասնակցե՞լ են դրա կազմման շուրջ քննարկումներին, թե՞ ոչ։ Դատելով հետագա տեղեկատվական արտահոսքերից՝ Փաշինյանն իրեն ապահովագրելու համար նրանց տեղեկացրել և նոր միայն ստորագրել է կապիտուլյացիան, թեև երկուսն էլ պնդում էին, թե տեղյակ չէին։ Եթե, օրինակ, Արմեն Սարգսյանը՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետևող, իր իսկ պնդմամբ՝ մամուլից է տեղեկացել եռակողմ հայտարարության մասին, առայսօր ի՞նչ գործ ունի Բաղրամյան 26-ում։

Փաստն այն է, որ չնայած ընդդիմության որոշ շրջանակների՝ Սարգսյանին հերոսացնելու փորձերին, նա պատասխանատվությունից խուսափելու իր վարվելակերպով չի զիջում Փաշինյանին։ Ավելին՝ Սարգսյանն արդեն սկսել է սահմանադրական փոփոխություններով դարձյալ նախագահական մոդելին վերադառնալու լոբբինգը, որի արդյունքում, պարզ է, ինքը հրաժեշտ է տալու սեփական պաշտոնին։ Իսկ մոտ մեկ տարի առաջ Արմեն Սարգսյանը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը և երկրի անցումային կառավարության ղեկավարի փաստացի հայտ էր ներկայացնում՝ չխոսելով իր բաժին պատասխանատվության մասին։

Կամ, օրինակ, հայտնի է, որ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվել, և հնարավոր պաշտոնանկությունից հետո, որն արդեն երկրորդը կլինի, նա, ի՞նչ է, դարձյալ ներկայացվելու է որպես համակարգի դեմ ներսից անդուլ պայքար մղած ու սկզբունքային զինվորակա՞ն, ինչպես, ասենք, Արշակ Կարապետյանն էր ներկայացվում։ Միայն այն, որ Դավթյանի առաջին պաշտոնավարման օրոք վերացվել են պահեստազորային ռեսուրսի զորամասերը, իսկ սպառազինության պլանը փոխվել է, բավական էր նրան այլևս երբեք բանակին մոտ չթողնելու համար։ Մինչդեռ այսօր նա արդեն երկրորդ անգամ երկրի զորային օղակի թիվ մեկ պատասխանատուն է։ Դավթյանի այս մեղքերի մասին Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար, կհիշի նրա պաշտոնանկությունից հետո, ինչպես առաջին ազատումից հետո էր պնդում, թե նա ապրիլյան մարտերում վատ դերակատարում է ունեցել։

Եթե պատերազմում մեր պարտության հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, հանցակիցը՝ Արմեն Սարգսյանը, ապա ովքե՞ր են, օրինակ, իրագործել նրանց տված հրահանգը՝ որևէ կերպ չթիրախավորելու ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը, դրա փոխարեն ստելու, թե իբր հարվածել ենք Գանձակի օդանավակայանի թռիչքուղուն։ Չէ՞ որ ռազմաքաղաքական այս որոշման իրագործման պատասխանատվությունը պետք է շատ անհատականացված լինի՝ պաշտպանության նախարար, ԳՇ պետ, ՊԲ հրամանատար և այլք։

Եթե նրանցից յուրաքանչյուրը փորձում է ազատել իրեն պատասխանատվությունից՝ իշխանության հետ գործարքի գնալով, ավելին՝ սեփական անձի շուրջ հերոսականության շղարշ ստեղծելով (Ջալալ Հարությունյանի օրինակը վկա), պարզ չէ՞, որ մեծագույն խաբեբան ու մանիպուլյացիայի վարպետը՝ Նիկոլ Փաշինյանը, պատերազմի իրական հանգամանքների բացահայտման հարցում մտահոգվելու որևէ առիթ չի ունենա։