«ՀԱՅRATE» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ

Դեկտեմբերի 10-ին կայացավ «հայrate»-ի՝ Հայաստանում առաջին անգամ ուսանողների շրջանում գրավիչ գործատուների մրցանակաբաշխությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Գրանթ Թորնթոնի համատեղ ջանքերով և նպատակ ունի շեշտադրել գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում՝ բացահայտելով որքանով հասցեական են իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում:

Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 2000 ուսանողներ, ովքեր մեկ ամիս շարունակ հնարավորություն են ունեցել նշել իրենց կարծիքով շուկայում ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:

Որպես գրավիչ գործատու ուսանողները նշել են ավելի քան 200 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունները: Հարկ է նշել, որ կազմակերպիչների կողմից խրախուսանքի են արժանացել բոլոր 10 կազմակերպությունները, որոնցից «գրավիչ գործատու» անվանակարգում նշվել է տասնյակի 2-5-րդ տեղերը զբաղեցրած, իսկ «ամենագրավիչ գործատու» անվանակարգում՝ ամենաշատ ձայներ հավաքած կազմակերպության անվանումը:

Այսպիսով, տասնյակում են հայտվնել հետևյալ գործատուները՝ Սերվիս տիտան, Հայաստանի կենտրոնական բանկ, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Գրանդ հոլդինգ և Սոֆթ Կոնստրակտ: Ուսանողների կարծիքով հայաստանյան աշխատաշուկայի «գրավիչ գործատու» են կարգվել Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան, Սինոփսիսը, Ամերիաբանկը և Դիջիթեյնը, իսկ «ամենագրավիչ» ճանաչվել ՓիքսԱրթը:

Մրցանակաբաշխության ընթացքում մասնակից կազմակերպություններից շատերի ներկայացուցիչները նշեցին, որ իրապես ողջունում են նման նախաձեռնության անհրաժեշտությունը և ուրախ են, որ միջազգային լավագույն պրակտիկան տեղայնացվել է և իրենք՝ գործատուները, այժմ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար: Միջոցառման հյուրերի շարքում էին նաև մասնակից ԲՈւՀ-երի ներկայացուցիչներ, ովքեր շեշտադրեցին ուսանող-գործատու կապի ամրապնդման անհրաժեշտությունը և ընդգծեցին «հայrate»-ի կարևորությունը, որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:

Գրանթ Թորնթոնի և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի ղեկավար անձնակազմի կողմից հնչեց պատրաստակամություն այս տարվա պիլոտային փուլից հետո «հայrate»-ը դարձնել շարունակական՝ ընդլայնելով այն տարեցտարի, ինչպես նաև հրավիրելով այլ կազմակերպությունների միանալ և աջակցել Հայաստանի աշխատաշուկայում որակական նոր փոփոխություն ու նոր մշակույթ սերմանող այս նախաձեռնությանը:

Գրանթ Թորնթոն Հայաստանի մասին. Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ հանդիսացող Գրանթ Թորնթոն Հայաստանը աուդիտորական, գործարար, ռիսկի ու կիբեռանվտանգության, իրավական ու հարկային ոլորտներում խորհրդատվական, ինչպես նաև հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է շուկայում:

Անի Հակոբյան, Մարքեթինգի տնօրեն

www.grantthornton.am

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի մասին. Հայաստանի ՄՌ Ասոցիացիան 2010 թ-ից մինչ այսօր ունի ավելի քան 300 անդամ՝ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

Արփի Կարապետյան, Նախագահ

www.hrcommunity.am