ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏ ՍՊԱՍԱՐԿՈՒՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրերն ու գործընկերները հիմա էլ լծվել են Թուրքիայի հետ բարեկամության քարոզին, ավելին՝ պնդում են, թե Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք չեն։ Ժիրայր Լիպարիտյանի պես ազգուրաց ու պետականադավ քարոզիչները Փաշինյանի կողմից Արցախի դավադիր օտարումը թշնամուն ոչ միայն որակում են բնականոն, այլև դա համարում են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գինը։ Ավելին՝ հանրային զգոնության բթացման այս գործիքներն իրենց ազդեցության հնարավորություններով փորձում են դրանում համոզել նաև հանրության գիտակից հատվածին, այսինքն՝ նորանոր հանցակիցներ ձեռք բերել։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հետ կանգնելու գնով փաշինյանական վարչախումբը, չբավարարվելով վերջին հարյուրամյակում մեր պետականությանը հասցրած ծանրագույն հարվածով, հող է նախապատրաստում թշնամու նոր ներխուժման և նոր ցեղասպանության համար։ Ինչպես 44-օրյա պատերազմի առնվազն առաջին օրը, միգուցե՝ դրանից էլ առաջ, Փաշինյանը գիտեր, որ հազարավոր զոհերի գնով Արցախի հանձնում է բեմադրելու, այնպես էլ հիմա է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման փորձ նախաձեռնում՝ հստակորեն գիտակցելով պետականության կործանման իրական սպառնալիքը իրարահաջորդ նախապայմանների առկայության դեպքում։
Պատերազմի առաջին օրը ԱԺ ամբիոնից Փաշինյանն ակնարկում էր, թե Ադրբեջանին հաղթանակը հեշտորեն չի տրվելու, ասել է, թե՝ ի սկզբանե ծրագրված պատերազմի մասին էր գուժում, հիմա էլ փաստորեն Անկարային ուղղված իր հարցի պատասխանն է ստացել։ Պարզվում է՝ մեզ այլևս չեն ուզում ցեղասպանել։ Պատմությունը ժամանակին տվել է հայ դավաճաններ Վեստ Սարգսի, Մելիք-Շահնազար 2-րդի, մելիք Ֆրանգյուլի կամ Վահե Իհսանի գնահատականը։ Հայ ժողովրդի անտարբեր կեցվածքի պայմաններում Փաշինյանը կարծես հավակնում է պետականության դահիճների այդ շարքը համալրել։
Իհարկե, բացի գիտակից հայությունից՝ նա որևէ այլ մեկի համար դահիճ չէ։ Ռուսաստանի և անձամբ Պուտինի խոստովանությամբ՝ Փաշինյանը դավաճան չէ, թեև մերժել է պատերազմը կանգնեցնելու և Շուշին մեզ թողնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանում ընդհուպ նրան ազգային հերոսի կոչում էին ուզում տալ՝ պնդելով, որ որևէ ադրբեջանցի առաջնորդ վերջին հարյուրամյակում իր երկիրը տարածապես այնքան չի մեծացրել, որքան Փաշինյանը։ Թուրքիայի համար նա այնքան ցանկալի գործընկեր է, որ ռազմական հեղաշրջման վտանգի օրերին Անկարան հայտարարություն տարածեց՝ բացահայտորեն սատարելով Փաշինյանին։ Դե իսկ Ալիևի մտահոգությունն այն է, որ «ազգայնական», «ռևանշիստական» ուժերը Փաշինյանին հանկարծ չհեռացնեն և չտապալեն Հայաստանի զավթման իր ծրագրերը։
Տարածաշրջանի որևէ երկրի դեմ պատերազմ չհայտարարած Թուրքիան, ինչպես տեսնում ենք, անարգել զորք է տեղակայում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Կիպրոսի տարածքներում։ Ի՞նչն է մոլագար Էրդողանին հետ պահելու Հայաստանի դեմ ցամաքային ագրեսիայից։ Արցախի և Սյունիքի անընդմեջ սեղմման, շարունակական կապիտուլյացիայի պայմաններում Հայաստանի ինքնապաշտպանության ռեսուրսը պարզապես զրոյացած է, մնում է Ադրբեջանը նյութական փոխհատուցման պահանջ ներկայացնի Երևանին։
Ցավալի է փաստելը, բայց հայաստանյան իշխանությունը նույնիսկ ոչ թե մասնակիորեն, այլ ամբողջապես սպասարկում է թուրքական շահը։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, գործադիր իշխանության մյուս բարձրաստիճաններն իշխանազրկված և իրավական պատասխանատվության կանչված չեն, թուրքական սողացող ագրեսիան մեր երկրում ծավալվելու է ավելի աղետալի մասշտաբներով։