Իշխանությունն ամիսներ շարունակ գաղտագողի շփումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրյուսելում Ալիևը հստակ ներկայացրեց իր նախապայմանները, մասնավորապես հայտարարեց միջանցքի մասին, իսկ Հայաստանը հերթական անգամ չկարողացավ ամրագրել ռազմագերիների ամբողջական վերադարձի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ դրույթը կյանքի կոչելու հարցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում News.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

 

«Նաև Հայաստանը չկարողացավ ամրագրել անցնող մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի հարցը: Նույն Միշելի հայտարարության մեջ այնքան լղոզված են արտահայտությունները, միակ արդյունքը եղավ այն, որ չգիտես ինչ նպատակով, ինչ արդյունքում իրար դեմ դիմաց նստեցին Ալիևն ու Փաշինյանը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանն ու Թուրքիան երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցով հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Հայաստանում միշտ էլ այդ թեզը եղել է՝ Թուրքիային ամեն ինչ զիջելով ստանանք Թուրքիայի բարիդրացիական վերաբերմունքը: Այդ թեզը 1990-ականների սկզբին եղել է որպես քաղաքականություն: 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանից հետո այլ քաղաքական ուղղություն ստացավ Հայաստանը և 20 տարի այդ ուղղությունն էր: Իհարկե, այդ 20 տարվա ընթացքում եղավ ևս մեկ փորձ՝ ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածը: Դա հանդիպեց ժողովրդի կտրուկ մերժմանը: Հիմա այդ թեզի լուռ կողմնակիցները այսօր հիմնականում իշխանության են և գլուխ են բարձրացնում: Բայց այդ բոլոր փորձերը ձախողվել են համաժողովրդական «ոչ»-ի պատճառով: Այսօր իշխանությունը ամիսներ շարունակ գաղտագողի շփումներ է ունեցել Թուրքիայի հետ, բազամթիվ են փաստերը: Այլևս կան շատ վկայություններ, որ Բաքվի հետ էլ են ոչ պաշտոնական շփումներ եղել, և հիմա դա ավելի ամբողջանում է»,-ասաց պատգամավորը: