Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերություն» ծրագրում
Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերություն» ծրագրում, չորեքշաբթի Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ելույթ ունենալով՝ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր նոր օրակարգը, որը մենք առաջարկում ենք, ամրապնդված է հավակնոտ տնտեսական և ներդրումային պլանով: Այն կմոբիլիզացնի ավելի քան 2 միլիարդ եվրո»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Նրա խոսքով, ծրագրին մասնակցող երկրների «այդ ներդրումները կոնկրետ ազդեցություն կունենան հասարակությունների վրա»։ «Մեր հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, կառավարումը և ժողովրդավարությունը, գենդերային հավասարությունը և երիտասարդությանը աջակցությունը, կմնան մեր գործընկերության հիմնաքարերը»,- նշել է նա:
«Մենք միայն միասին կարող ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում կառուցել՝ ամրապնդելով մեր համագործակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են գործընկերների միջև փոխգործակցությանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը: Մեզ շատ աշխատանք է սպասվում»,- եզրափակել է Միշելը:
Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի առաջնորդները չորեքշաբթի Բրյուսելում «Արևելյան գործընկերություն» ծրագրի վեցերորդ գագաթաժողովն են անցկացնում։ Հանդիպումն առաջին անգամ է անցկացվում առանց Բելառուսի, որն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Այդ իսկ պատճառով գագաթաժողովում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չկան, Մինսկը ներկայացված է «դատարկ աթոռով՝ առանց դրոշի»։
Գագաթաժողովի օրակարգում, մասնավորապես, ներառված են համավարակի, «Արևելյան գործընկերության» երկրներում իրականացվող բարեփոխումների և ԵՄ ծրագրին հավատարմության հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, տեղեկացնում է News.am-ը։