«Ժողովուրդ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ՓՆՏՐՈՒՄ
Իշխանությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխարինող է փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` իշխանությունն արդեն քննարկում է, թե ով կարող է փոխարինել Դավթյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին։
«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ` քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետևում չէ»,– գրում է թերթը։
Իշխանությունը նաև քննարկում է` գլխավոր դատախազին պաշտոնանկ անել մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը, թե մեկնարկած կադրային փոփոխությունների ֆոնին նրան ևս փոխարինող գտնել:
Նշենք, որ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազ էր նշանակվել 15.09.2016 թ.–ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ։
Նա այն եզակի պաշտոնյաներից էր, որ 2018թ–ի իշխանափոխությունից հետո պահպանեց իր պաշտոնը։
Դատախազության մասին օրենքով` «գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»։
Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նրա 65 տարին լրանալու, ՀՀ քաղաքացիությունը կորցնելու, նրա նկատմամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության, ԱԺ հրաժարականի դիմում ներկայացնելու, ինչպես նաև ծանր հիվանդության, դատախազի վարքագծի կանոնների խախտման դեպքերում` ԱԺ ձայների 3/5-ով։