Վեդիում ՔՊ–ի ու «Հանրապետության» բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։ Դիմումները քննարկվելու են այսօր՝ ժամը 11։00-ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ Այս քայլին գնում ենք խոր գիտակցումով՝ բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։