Ալիևը գոհ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի կողմից քննադատության բացակայությունից

Ադրբեջանն աշխարհաքաղաքական նոր իրողություններին համապատասխան արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ տարածաշրջանային խնդիրները մշտապես օրակարգում պահելու, այդ գործընթացներում ներդրման և աջակցության համար։ Նա հատկապես նշել է, որ ԵՄ խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել, որոնք տևել են մոտ 5 ժամ։ Իլհամ Ալիևը կարևորել է Շառլ Միշելի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում և նշել, որ բանակցությունները եղել են դետալային, որոնցում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում, սահմանների սահմանազատումն և սահմանագծումը, տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցումը, մասնավորապես` երկաթուղու:

Նախագահ Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին կառուցողական միջավայր է տիրում և ընդգծել Եվրամիության դերը դրա ձևավորման գործում։ Ալիևն ասել է, որ կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը և օգտագործել այն՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղված ջանքերի շարունակման համար:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նախորդ տարիներին միջազգային միջոցառումների ժամանակ Հայաստանի ղեկավարությունը «սովորաբար Ադրբեջանի դեմ անհիմն և մեղադրական հայտարարություններով էր հանդես գալիս։ Դրական գնահատելով այն փաստը, որ այս անգամ դա տեղի չի ունեցել, Իլհամ Ալիևը նշել է, որ ուղիղ կերպով չի արտահայտվել Հայաստանի դեմ։ Նախագահն ասել է, որ դա վկայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար պարարտ հողի ստեղծման մասին»։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին՝ Իլհամ Ալիևը նաև նշել է, որ 28 տարվա բանակցությունների ընթացքում որևէ արդյունք չի գրանցվել։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից արձագանք է ակնկալում աշխարհաքաղաքական նոր իրողություններին համապատասխան։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը կարծում է, որ Մինսկի խումբը կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, սահմանների սահմանազատմանը, մարդկանց միջև շփումների հաստատմանը, վստահության միջոցների ամրապնդմանը և այլ հարցերում։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականապատ տարածքների խնդրին, նախագահը նշել է, որ ականների պայթյունից այսօր շուրջ 200 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է Եվրամիության և բլոկի անդամ երկրների կողմից Ադրբեջանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ այս խնդրի վերացման համար։

Ընդ որում, նա բարձր է գնահատել Եվրամիության և Ադրբեջանի համագործակցությունն էներգետիկ ոլորտում՝ նշելով, որ այդ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։ Ընդգծելով, որ 3500 կմ երկարությամբ «Հարավային գազային միջանցքը» 21-րդ դարի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից է, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Անդրադրիատիկ գծի գործարկմամբ, որն այս նախագծի վերջին բաղադրիչն է, ադրբեջանական գազը մատակարարվում է դեպի Եվրոպա։

Ըստ Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական գազն արդեն մատակարարվում է ԵՄ երեք երկրներ՝ Իտալիա, Հունաստան և Բուլղարիա, իսկ ապագայում երկիրը մտադիր է ընդլայնել գազի արտահանման աշխարհագրությունը ԵՄ անդամ այլ երկրներ։ Ընդգծելով Եվրամիության շուկա մատակարարումների հուսալիությունը՝ պետության ղեկավարը նշել է, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս դիվերսիֆիկացման կարևորությունը նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից։

Ելույթի ավարտին նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Եվրամիության խորհրդի նախագահին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է News.am-ը։