ՀԱՊԿ օրակարգում է Չինաստանի հետ երկխոսության և համագործակցության հաստատումը
ՀԱՊԿ-ի օրակարգում է Չինաստանի հետ երկխոսության և համագործակցության հաստատումը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Չինաստանի հետ երկխոսության և համագործակցության հաստատման հարցը ՀԱՊԿ-ի օրակարգում է։ Մենք կարծում ենք, որ փոխգործակցությունը պետք է կառուցվի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև ՀԱՊԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինի հայտարարությունը, որն արվել է դեկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։ ՉԺՀ ղեկավարը հայտնել է Պեկինի մտադրությունը՝ շարունակելու ճկուն և բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար, տեղեկացնում է News.am-ը։