Արման Թաթոյան․ Տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ

Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:

Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով:

Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:

Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»,- հայտնում է Թաթոյանը, տեղեկացնում է News.am: