ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՑՐԵՑ ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՀԵՏՀԱՇՎԱՐԿԸ
Բրյուսելյան եռակողմ հանդիպումը հայկական կողմի համար իսպառ տապալված է, քանի որ դրա արդյունքներով հնչեցված Եվրամիության հայտարարության մեջ մեկ տառ անգամ չկա Արցախի մասին։ Փաստացի՝ աշխարհի համար այլևս չկա արցախյան հակամարտություն, Արցախի ապազավթում կամ գոնե կարգավիճակի ամրագրում։ Հետաքրքրական է, թե դեմառդեմ շփման ժամանակ՝ առանց Շառլ Միշելի, Փաշինյանն ու Ալիևն ի՞նչ են քննարկել, դա Դուշանբեի վերելակի ոգո՞վ է եղել։ Ի՞նչ կարող էր Փաշինյանը դիմադարձել իրեն հրապարակայնորեն բազմիցս ստորացրած, «խմած խեղկատակ» անվանած անձին։
Այդ պայմաններում ի՞նչ պիտի անի աշխարհի համար դե յուրե գոյություն չունեցող Արցախի նախագահը։ Ճիշտ է՝ ընդունի մարզական ֆեդերացիաների նախագահներին։ Այլ հոգս կամ մտահոգություն Արայիկ Հարությունյանը, փաստորեն, չունի։ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած ավելի քան 180 բնակավայրերի ու տասնյակ հազարավոր տեղահանվածների բնակավորման մասին արդեն նույնիսկ Հայաստանում չեն խոսում, ինչո՞ւ պետք է ԵՄ-ն այդ մասին հիշեցնի կողմերին։ Քչերն են այսօր հիշում, որ պատերազմի ավարտից օրեր անց ոչ թե Արցախի իշխանությունները կամ գոնե ռուս խաղաղապահները, այլ մեր բնակավայրեր ներխուժած թշնամին էր գյուղացիներին մի քանի ժամ տալիս՝ տներն ազատելու համար։
Իհարկե, քաղաքական ընդդիմությունը ճիշտ էր, երբ պնդում էր, որ րոպե առաջ գլխավոր բանակցողին փոխելը մեզ հնարավորություն կտա գոնե մեղմելու հակապետական պայմանավորվածությունների իրագործումը։ Ընդունված երեք եռակողմ հայտարարությունները չեղարկելու տարբերակ կարծես այլևս չի մնացել, բայց անցած մեկ տարում հնարավոր էր դրանցում առկա ականները շրջանցել՝ հնարավորինս պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, լուծելով հումանիտար հարցերը։ Փաշինյանը դա չէր կարող անել ի սկզբանե, ինչի համար էլ Ադրբեջանին և միջազգային հանրությանն ամենաձեռնտու բանակցողն է։
Փոխարենը՝ ներազգային ատելության և թշնամանքի հրահրման հարցում Փաշինյանը շարունակում է անմրցելի մնալ և անգամ կարող է միջազգային մրցանակի ներկայացվել։ Բրյուսելյան այցին նախորդած՝ պատերազմը նախկինների «գրպանը գցելու» արատավոր գործելակերպի հերթական արարը Փաշինյանի սոցցանցային անհեթեթ գրառումն էր։ Միգուցե կարիք լինի նաև ստով, կեղծիքով և զազրախոսություններով համեմված մի հերթական լայվ էլ անել, փորձել մոլորեցնել հանրությանը, պատմել բրյուսելյան կուլուարների և իբր մեր արձանագրած փառահեղ հաջողությունների, իրականում՝ հերթական դիվանագիտական ֆիասկոյի մասին։
Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի կառավարման հետպատերազմյան մեկ տարին նշանավորվել է դավաճանության դասագրքային օրինակով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից իսպառ հրաժարումով։ Եթե նրա նախապատերազմական ելույթները հանգում են երեք ժողովուրդների համար իբր ընդունելի լուծում գտնելու մասին անհեթեթ պնդումներին, պատերազմից հետո Փաշինյանին պարզապես արգելված է խոսել երեք հիմնարար սկզբունքներից մեկի և մեզ համար կարևորագույնի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Բրյուսելում Արցախի հարցի իսպառ մոռացումը և կողմերի ֆիքսվածությունը բացառապես ապաշրջափակման և սահմանազատման վրա ազդարարում է արցախյան հարցով բանակցությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի դարաշրջանի փաստացի ավարտը։
Իսկ ժամանակին Հայաստանը, թշնամու կողմից հուժկու ճնշումների ենթարկվելով, միևնույն է՝ տարփողում էր ինքնորոշման և ուժի կիրառումից հրաժարվելու սկզբունքները, ավելին՝ միջազգային հանրությունն աջակցում էր մեզ այդ հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների քաղաքական և բարոյական ներկայության պայմաններում հայկական կողմի ջանքերով Արցախի հարցը երբևէ չէր տեղափոխվում կասկածելի հարթակներ, օրինակ՝ ԵԽԽՎ ժամանակավոր ենթահանձնաժողով՝ ի հեճուկս ադրբեջանական փորձերին։
Փաշինյանի իշխանախմբի դավաճանական պաշտոնավարման հերթական գագաթնակետը միջնորդական ձևաչափի դուրսմղումն է ասպարեզից և այդպիսով՝ Արցախի հարցի լուծարումը։ Օրակարգը թելադրում է ով ասես՝ առանձնաբար Մոսկվան կամ Բրյուսելը, Թուրքիան կամ Ադրբեջանը, բայց ոչ երբեք՝ Հայաստանն ու մեր դիրքորոշմանը սատարող համանախագահ երեք երկրները, ինչպես նախկինում։