Մակեյը շնորհակալություն է հայտնել Բայրամովին

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Ադրբեջանի դիրքորոշման համար։

Ադրբեջանը հրաժարվել է միանալ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության կետին, որը վերաբերում է Բելառուսի ներքաղաքական իրավիճակին։

«Մակեյն առանձին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ադրբեջանական կողմի դաշնակցային, պարկեշտ դիրքորոշման համար։ Ադրբեջանը ինքնիշխան պետության պատասխանատու մոտեցում է դրսևորել, որը համապատասխանում է բելառուսա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն», - ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և հետագա փոխադարձ աջակցությունը, տեղեկացնում է News.am։