Անկարան մեծ ուշադրությամբ է առաջ տանելու Երևանի հետ երկխոսությունը
Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն այս մասին ասել է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտնում է Anadolu-ն։
Օքթայի խոսքով՝ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ Անկարան Երևանի հետ երկխոսությունն առաջ է մղելու շատ ուշադիր և Բաքվի հետ սերտ համակարգելով։
Օքթայը կրկին խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն օգնել է Ադրբեջանին։
«Պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել։ Նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասել է Թուրքիայի փոխնախագահը։
Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել «3 + 3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնության վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։