«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը Facebook–ում պատմել է երևանցիների ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի մասին։

Նրա խոսքով՝ 211 նոր ավտոբուսների գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին, սակայն նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի, և նոր ավտոբուսների գնումը տապալվի։

«Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միևնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ», – գրել է Գևորգյանը՝ այդ անուններից ոչ մեկը չհանրայնացնելով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, նիստը կայացել է՝ «ծայրը ծայրին» քվորում ապահովելով։ Գևորգյանը ամփոփել է իր գրառումը՝ ասելով, որ միայն այս փաստը բավական է, որ պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը։

Մեկնաբանություններում նրա խոսքերը հաստատել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նրա խոսքով` Տիգրան Ավինյանը ասել է, թե ավելի լավ է՝ սպասեն, ավելի լավ ավտոբուսներ կգան, նոր կքննարկեն հարցը։

«Նիստի նախօրեին զանգեց Հայկը։ Ես բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում»։ Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը», – գրել է Աբգարյանը։

Ավագանու անդամ Վազգեն Մանուկյանն էլ ի պատասխան այս գրառումների, հրապարակել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը.

«Չնայած այն բանի, որ կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ)՝ այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել, և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները: Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը և քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ։ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը։ Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»։