ԿՊԱՏՎԻՐԱԿԻ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Քաղաքական կեղծ օրակարգը իրականացման փուլում է

Դեռևս մարտին Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ջանքեր գործադրել՝ արդեն հոկտեմբերին նոր Սահմանադրություն ընդունելու կամ գործող Հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ հանրաքվե անցկացնելու համար: Այն ժամանակ իրավագիտության ոլորտի մասնագետները մատնանշեցին համաշխարհային պրակտիկայում աննախադեպ մի երևույթ. գործադիր իշխանության ղեկավարը սկսել է խոսել կառավարման ձևը փոխելու մասին, երբ խորհրդարանական մոդելին երկիրն անցել է ընդամենը 3 տարի առաջ։ Այդ ժամկետում կառավարման ոչ մի մոդել չի կարող դրական դրսևորել իրեն գործնականում…

Պատերազմ վերապրած երկրում, որի մի մասն ընդ որում բռնազավթված է արդեն ավելի քան կես տարի, կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, իսկ կապիտուլյանտը խոսում է կառավարման ձևի փոփոխության մասին: Իհարկե, լուրջ քաղաքական գործիչը չէր ծրագրի արմատապես փոխել պետության Հիմնական օրենքը, բայց Փաշինյանը նման է հեքիաթի այն պառավին, որը չէր ցանկանում լինել տոհմական ազնվականուհի, այլ ուզում էր դառնալ ազատ թագուհի։ Այդ պառավը հայտնվեց կոտրած տաշտակի առաջ, իսկ Փաշինյանը, ինչպես երևում է, համառորեն գնում է դեպի իր նպատակը, փորձելով կեղծ օրակարգ պարտադրել քաղաքական ուժերին։

Օրերս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ և քննարկել դատավորների վեթինգին, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, ինչպես նաև Սահմանադրության բարեփոխումներին առնչվող հարցեր: Այդ նպատակով Փաշինյանի հրամանագրով սկսվել է համապատասխան մասնագիտական հանձնաժողովի լուծարման գործընթացը և մեկնարկ տրվել Բարեփոխումների խորհրդի ձևավորմանը։

Որոշման համաձայն՝ խորհրդի կազմում կընդգրկվեն արդարադատության նախարարը, որը կզբաղեցնի նախագահի պաշտոնը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, խորհրդարանի պետական-իրավական հանձնաժողովի ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանը և մեկական պատգամավոր ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից: Խորհրդի անդամներ են դառնալու նաև Բարձրագույն դատական խորհրդի և արտախորհրդարանական կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները։ Վերջիններիս առաջարկվել է պատվիրակել երեք ներկայացուցիչ, նույնքան անդամներ էլ կառույց կուղարկեն հասարակական կազմակերպությունները։

Արտախորհրդարանական կուսակցությունների և դաշինքների պարագայում ամեն ինչ շատ պարզ է. ոչ ֆորմալ կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը պատրաստակամորեն Խորհուրդ կուղարկեն նրանց, ում կնշի ինքը՝ Փաշինյանը։ Հիմնավորված կասկածներ է հարուցում խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը. դժվար թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին պատվիրակեն Խորհուրդ։ Դեռևս մարտին ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կեղծ օրակարգ են անվանել Հիմնական օրենքը բարեփոխելու Փաշինյանի որոշումը։

Բլեֆ՝ համաժողովրդական բանավեճի մասին

Խորհուրդը մրցութային հիմունքներով կձևավորի Հիմնական օրենքի բարեփոխման պրոֆեսիոնալ հանձնաժողով, որում կընդգրկվեն իրավաբանական գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճաններ ունեցող իրավաբաններ, ինչպես նաև նրանք, ովքեր իրավագիտության մագիստրոսի աստիճան են ստացել այլ երկրներում: Բացի այդ, հանձնաժողովի անդամ կարող են դառնալ իրավունքի ոլորտում առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ ունեցող իրավաբանները։ Խորհրդի որոշմամբ՝ կարող են ընդգրկվել նաև այլ ոլորտների 2 մասնագետ: Մեկ անգամ ևս շեշտեմ, որ Անդրեասյանի ուսերին Փաշինյանի բարդած գլխավոր խնդիրը կառավարման խորհրդարանական ձևից անցումն է կիսանախագահականի կամ նախագահականի։

Ռեժիմը խոստանում է համընդհանուր քննարկման դնել և համաժողովրդական բանավեճի առարկա դարձնել կառավարման ձևի փոփոխման հարցը։ Սա նույնպիսի բլեֆ է, ինչպիսին Փաշինյանի հղումներն են պետական խնդիրների լուծման գործում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը։ Ռեժիմի պարագլուխը շարունակում է ձևացնել, թե ճակատագրական հարցերը լուծվում են ժողովրդի կամքի հիման վրա։ Իրականում խորհրդարանական մոդելից հրաժարվելու հարցն արդեն լուծված է, մնացյալ ամենը զուտ տեխնիկայի հարց է։

Փաշինյանը որոշել է նախագահ դառնալ, բայց դա լոկ երկարաժամկետ հեռանկարն է։ Ներկա պահին խոսքը հասարակությանը կեղծ օրակարգ պարտադրելու փորձի մասին է։ Ռեժիմի պարագլխին պետք է, որ մարդիկ դադարեն մտածել Սյունիքի և Գեղարքունիքի սողացող օկուպացիայի, Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդրի լուծումից իր (Փաշինյանի) դե ֆակտո հրաժարման, գների աննախադեպ աճի և քաղաքական բռնաճնշումների մասին։

Փաշինյանը փորձում է կառավարման ձևի փոփոխության նպատակահարմարության կամ աննպատակահարմարության շուրջ արհեստական բանավեճի մեջ ներքաշել քաղաքականացված հանրությանը։ Եվս մեկ անգամ կրկնեմ. դատել այն մասին, թե համապատասխանում է արդյոք Հայաստանին խորհրդարանական հանրապետության մոդելը, թե չի համապատասխանում, կարող են միայն քաղաքական և իրավագիտական ոլորտի դիլետանտները։ Կառավարման ոչ մի մոդել գոյության 3 տարիների արդյունքում չի կարող փորձարկված համարվել գործնականում…