ՔՊ–ն հնարավորություն է տալիս «Հայաստանին». Ղազինյանի «տեղը» մնում է թափուր

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել ընդդիմության հրաժարված պաշտոնի համար։ Հանձնաժողովի արտահերթ նիստում այդ մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Որպես բարի կամք դրսևորում` մենք ասել էինք, որ «Հայաստանը» կարող է խորհրդատվություն իրականացնել ՔՊ–ի ղեկավարության հետ, և մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղի համար թեկնածուի քննարկում կազմակերպել։ Քանի որ այդ առաջարկն առկախված մնաց, այսօր ևս մեկ անգամ հիշեցնում եմ` «Հայաստանը» չի ներկայացրել մեր խմբակցությունից թեկնածուի, որպեսզի նորից հնարավորություն տանք կոնսենսուսի գալ ՔՊ–ի հետ։ Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ եթե դա տեղի չունենա, հանձնաժողովի հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։

Հիշեցնենք` ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի` հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Հայաստանին»։

Նույն օրենքի 138 հոդվածը, սակայն, նախատեսում է, որ եթե խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Քաղաքացիական պայմանագրին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստում` դեկտեմբերի 14-ին` նշելով, որ ՔՊ–ն այդ օրը թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։