Պուտին․ Ռուս խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում

Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Նրանց ջանքերի շնորհիվ, մեծամասամբ, բարելավվել է հումանիտար իրադրությունը, անցկացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները, պահպանվել են պատմության և մշակույթի հուշարձանները»,- ասել է նա ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում:

Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, տոկունության և դիմացկունության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա: