Ռուսական ընկերությունները հավակնում են մասնակցել Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածի զարգացմանը

Ռուսական ընկերությունները հավակնում են մասնակցել Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածի զարգացմանը։ Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությանը, ռուսական ընկերությունները Ղարաբաղում նախագծերի իրականացման 14 հայտ են ներկայացրել, այդ թվում՝ շինանյութերի, ջրի, սարքավորումների և կապի սարքերի արտադրության հայտեր։

«Ղարաբաղում նախագծերի իրականացման համար ռուսական ընկերություններից ներկայացվել է 14 հայտ (որպես ներդրող՝ չորս նախագիծ, իսկ որպես կապալառու՝ 10 նախագիծ)։ Նախագծերի մասնագիտացումն ուղղված է առևտրի և ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներին», - նշել են նախարարությունում։

Արդյունաբերության և առևտրի նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ ««Արազի հովտի տնտեսական գոտու» արդյունաբերական պարկում նախատեսվում է ստեղծել «Կամազ» միասնական սպասարկման կենտրոն և Գյանջայի ավտոմոբիլային գործարան, որտեղ սպասարկվելու են «Կամազ» սարքավորումներ, այլ բեռնատարներ և գյուղտեխնիկա: «ԻՆՆՈՊՐՈ» ՓԲԸ-ն նույնպես մասնակցում է Հորադիզ-Աղբենդ երկաթգծի կառուցման նախագծին, պայմանագրով ընկերության ծառայությունների արժեքը կազմում է 12 մլն մանաթ (ավելի քան 520 մլն ռուբլի): «Կկազմակերպվի շինանյութերի արտադրություն, կստեղծվեն ջրի, սարքավորումների, կապի սարքերի արտադրության ձեռնարկություններ, երկաթուղիների ազդանշանային համակարգ («Ռեյլ-Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ)», - հավելել են նախարարությունում, տեղեկացնում է News.am։