Ադրբեջանի հերթական սադրիչ քայլը. «հասել» են Արցախի տարածքում գտնվող ռուսական եկեղեցուն

Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ, Արցախի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հայկական կողմի «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հերթական սադրիչ, անհիմն ապատեղեկատվությունն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Նշենք, որ ոմն Անաստասիա Լավրինայի և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից Youtube-ում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ ռուսերենից հունարեն թարգմանությամբ ասվում է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում գտնվող ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին «ոտնձգությունների» է ենթարկվել հայկական կողմից։

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է, որ եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ` Ռուսաստանից ներգաղթյալների կողմից։ Այն կրաքարից է, արտաքուստ` դեղնավուն: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները:

«1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր էր փնտրում վերականգնողական աշխատանքները սկսելու համար»,–նշված է Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։

Միաժամանակ ասվում է նաև, որ Հունաստանում Ադրբեջանի դեսպանության պահվածքը նպատակ ունի հայերի նկատմամբ ատելություն տարածելով` փորձել սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների հարաբերություններում: Ավելին, մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։

Հունաստանում ՀՀ դեսպանությունը վստահեցնում է` Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաև ռուսական կրոնական և մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հավելենք, որ Գևորգավանը 44-օրյա պատերազմից հետ Ադրբեջանի կողմից օկուպացվել է։