Գեղամ Մանուկյան․ Արմեն Գրիգորյանը սուտասան է

ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այսօր Հ1 եթերում հերթական ապուշությունն է դուրս տվել օրերս Աննա Գրիգորյանի հետ կայացած ասուլիսում մեր կողմից մի շարք փաստերի արձանագրման մասին այս բառը հատուկ եմ գործածում, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչ վիճակում է մեր երկրի ազգային անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Խոսքը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի առաջնագծից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետքաշմանը։ Ստել է»,- գրել է Մանուկյանը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկելով ուղիղ եթերում բանավեճ կազմակերպել իր և Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։

Արմեն Գրիգորյանն այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին և պնդումներին, որ իշխանությունը հանրությունից և պետական որոշ ինստիտուտներից գաղտնի փաստաթուղթ են ստորագրել, նկատել էր՝ ընդդիմադիր պատգամավորները հանրությանը հայտնի փաստերը որպես բացահայտում են ներկայացնում։

«Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին հրապարակային խոսել ենք, վարչապետն ասել է՝ ինչու է զորքերը հետ քաշելու որոշումներ կայացրել։ Փաստաթուղթը լրիվ այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է եղել, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց ՀՀ-ում, Ադրբեջանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու։ Մենք այս մասին խոսել ենք, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ»,- ասել էր ՀՀ ԱԽ քարտուղարը, տեղեկացնում է News.am։