Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՔ «ԵՐԿՐԱՊԱՀ» ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
Ո՞վ կարող էր անրջել երեք պատերազմների վետերանների հետ դասալիքի հիբրիդի մասին
Արցախյան պատերազմի վետերանների կազմակերպությունը՝ «Ոգու փորձություն» անվանումով, ստեղծել են Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) դեռևս նախկին իշխանության օրոք: Իշխանափոխությունից և գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ-ն գլխավորեց Միքայելյանը, սակայն վերջերս Փաշինյանին չգիտես ինչու պետք եղավ վերակենդանացնել «Ոգու փորձություն» այլընտրանքային կազմակերպությունը և ոչ միայն վերակենդանացնել, այլև խաչասերել դա Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության հետ։
Քաղաքականության մեջ լինում են տարօրինակ մերձեցումներ, բայց ո՞վ կարող էր անրջել երեք պատերազմների վետերանների հետ դասալիքի հիբրիդի մասին։ Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ բանակում ծառայությունից խուսափելու համար բանտային պատիժ կրած նախկին պատգամավորը և Արցախյան ազատամարտի վետերանները: Ինչո՞ւ Փաշինյանին պետք եկավ այս արտառոց քաղաքական դաշինքը։
Վետերանների այլընտրանքային կազմակերպության գաղափարը (դրանք մի քանիսն էին) ծնվեց նախկին իշխանության օրոք, երբ գեներալ Գրիգորյանին դիմակայում էին հանրապետականների հակառակորդները։ Իսկ ո՞վ և ինչո՞ւ է փորձում այլընտրանք դառնալ Միքայելյանին։ Գուցե «Երկրապահի» ներկայիս ղեկավարը հաջո՞րդն է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետո, ում հետ զատվելու է ռեժիմի պարագլխի ճանապարհը։ Այլապես ինչո՞վ բացատրել «Ոգու փորձություն» կազմակերպությունը վերակենդանացնելու Փաշինյանի փորձը։
Առայժմ հայտնի է լոկ այն, որ այլընտրանքային կազմակերպության ակունքներում կանգնած են Բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաև նրա խնամի, ռեժիմի թիվ մեկ օլիգարխ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այդ պարոնայք չեն ցանկանում, որ Միքայելյանը ուժ հավաքի, ուստի համոզել են Հակոբյանին ակտիվացնել «Ոգու փորձություն» կազմակերպությունը, որպեսզի Միքայելյանի ազդեցության տակից հանեն Արցախի երեք պատերազմների հնարավորինս մեծ թվով վետերանների։
Այդ գործընթացների նշանակությունը կարող են լիովին գնահատել նրանք, ովքեր հիշում են, թե Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ինչպիսի ազդեցություն ուներ ՀՀՇ-ի ռազմականացված թևը, և ինչպես Վազգեն Սարգսյանի մահից հետո այն գլխավորեց գեներալ Մանվելը, իսկ նրա կալանավորումից հետո՝ Միքայելյանը։
800 մետր հեռավորության վրա
Լուրերն այն մասին, որ ռեժիմի պարագլուխն այնքան էլ չի վստահում Միքայելյանին, շրջանառվում են վաղուց։ Սասունի հարաբերական անկախությունը նյարդայնացնում է Փաշինյանին, սակայն վերջինս չի կարող բացահայտ հետապնդել նրան. Միքայելյանի թիկունքին կանգնած է Երկրապահը։
Այս ամիս «Ոգու փորձություն» կազմակերպությունն անցկացրեց ֆուրշետանման մի հավաք՝ ազդարարելով վերամեկնարկի մասին։ Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը, Արման Բաբաջանյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը և հայտնի վետերաններ, որոնք «Երկրապահի» անդամ չեն: Նրանցից շատերը լքել են կազմակերպությունը 1999-ի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի զոհվելուց հետո։
Այդ միջոցառումից հետո ԶԼՄ-ները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում «Ոգու փորձություն» կազմակերպության գրասենյակը 800 մետր հեռավորության վրա է «Երկրապահ» միության տարածքային ստորաբաժանումից: Այդ տեղակայումն առայժմ ոչ ոք չի մեկնաբանել, թեև վետերանների երկու կազմակերպությունների առկայությունն ինքնին խոսուն է։ Իսկ բացի այդ, Հակոբյանի կազմակերպության վերամեկնարկի իրական նշանակության մասին խոսում է այն հանգամանքը, որ գործընթացը ֆինանսավորվում է Փաշինյանի անմիջական հրահանգով։
Վ.Սարգսյանի մահից հետո ԵԿՄ-ից հեռացել են նրա բազմաթիվ կողմնակիցներ։ Ի հայտ են եկել վետերանների նոր միություններ։ Հակոբյանի կազմակերպությանը միացել են նաև նրանք, ովքեր երբեք չեն եղել ԵԿՄ-ում, օրինակ՝ Արայիկ Խուդավերդյանը («Կոռնիձորի Արո»), սակայն վետերանների ոչ մի կազմակերպություն առ այսօր չէին փորձել խաչասերել քաղաքական ուժի հետ։ Հետաքրքիր է, զենքը ձեռքին կռվածներից ո՞վ կհամաձայնի այդքան ակնհայտ մեզալյանսին։ Փաշինյանը ցանկանում է աջակցել Բաբաջանյանի կուսակցությանը, որտեղ շատ քիչ մարդիկ կան, բայց ախր ո՛չ այդ գնով։ Պատերազմի իրեն հարգող ո՞ր վետերանը կհամաձայնի նման գործարքի։
Ի դեպ, հիշյալ միջոցառումը տեղի է ունեցել ռեստորանում, որը նախկինում պատկանել է հանգուցյալ Վահան Զատիկյանին՝ Արցախյան առաջին ազատամարտի վետերանին ու պատգամավորին, իսկ նրա վաղաժամ մահից հետո անցել է Սամվել Ալեքսանյանին։
Ըստ երևույթին, Բաքվի ու Անկարայի և պաշտոնական Երևանի դիրքորոշումների մերձեցման շուրջ բանակցությունների հետ կապված ընթացիկ գործընթացների խորապատկերին Միքայելյանի և ԵԿՄ-ի ազդեցության թուլացումը վետերանների այլընտրանքային կազմակերպության վերածննդի բնավ միակ պատճառը չէ։ Այստեղ նշմարվում է ավելի ծավալուն նպատակ. Փաշինյանը փորձում է ապահովել իրեն վետերաններից, քշելով նրանց դասալիքի հետ մեկ ընդհանուր կուսակցական տանիքի տակ, ամենայն հավանականությամբ՝ տեսանելի հեռանկարի նկատառումով։ Ռեժիմի պարագլուխը վախենում է զանգվածային բողոքի ակցիաներից, ուստի ձգտում է խաղից կանխավ դուրս բերել ազատամարտիկներին։ Ցանկանում է, որ նրանք առանձնապես չհետաքրքրվեն հայ-թուրքական բանակցություններով, որոնք, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, նպատակ ունեն «Հայաստանը դարձնել պանթուրքիզմի միջանցիկ բակ»։
Ազգային և պետական շահերի դավաճանության երկրորդ շրջափուլ մտնելիս կապիտուլյանտին պետք է ամուր թիկունք, իսկ պատերազմի վետերանները հավանական վտանգ են ներկայացնում նրա համար։ Այդ վտանգը չեզոքացնելու նպատակով Փաշինյանի վստահված անձինք նախաձեռնել են «Ոգու փորձություն» կազմակերպության վերամեկնարկ և որոշել համենայնդեպս խաչասերել դա այն քաղաքական ուժի հետ, որը, մեղմ ասած, բնավ լավագույն հեղինակություն չի վայելում...