ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը օկուպացված տարածքների վերականգնման գործում Ադրբեջանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահիանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների վերականգնման գործընթացում Ադրբեջանին տեխնիկական և ինժեներական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել, գրում է Tasnim-ը։

Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը պատրաստ է «տեխնիկական և ինժեներական ծառայություններ արտահանել Ադրբեջան»։ Նա նաև «հարևան պետությանը ազատագրված տարածքների վերականգնման հարցում օգնելու համար իր հնարավորությունները առաջարկելու» Իրանի պատրաստակամությունն է հայտնել։

Ընդգծելով տարբեր ոլորտներում Թեհրանի և Բաքվի միջև ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը կոչ է արել երկու երկրների մասնավոր հատվածների միջև փոխգործակցության ընդլայնման ջանքեր գործադրել, տեղեկացնում է News.am։