Արցախում կարանտինը երկարաձգվել է, բայց որոշ սահմանափակումներ հանվել են

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:

Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝

- Հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

- Հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը:

- Հանվել է նաև աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

- Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:

- Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:

- Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Արցախում կատարվել է 331 թեստավորում, արդյունքում 13 նոր դեպք է գրանցվել։ Այժմ 84 վարակակիր ստացիոնար բուժում են ստանում, 14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ինը` ծանր։ 1 օրում մահացել է 1 կին։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 4722 դեպք է գրանցվել։

Sputnik Արմենիա