Ի՞ՆՉ ԳԵՐԻՆԵՐ, ԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՆ Է

Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցները շարունակում են տուն վերադառնալ բացառապես Մոսկվայի կամ Բրյուսելի մեծահոգության և ոչ թե հայկական կողմի ներդրած ջանքերի արդյունքում։ Ճիշտ հակառակը, հայրենադարձված ռազմագերիներից մի քանիսին կալանավորելը, նրանց մասին վարչապետի և ԱԺ նախագահի անպատեհ հայտարարությունները հիմք տվեցին Ալիևին ցինիկագույն մի պնդում անելու, թե հայ գերիները վերադարձի դեպքում կարող են խոշտանգվել Երևանի բանտերում, իսկ Բաքվում նրանք ապահովության մեջ են։ Սրանից ավելի մեծ ազգային նվաստացում դժվար է պատկերացնել։

Չկա ո՛չ մեր հայրենակիցների անվանացանկը, ո՛չ թվաքանակը, ո՛չ վերադարձի ժամանակացույցը, չկա նաև այդ հարցերով զբաղվող պետությունը, այլ ընդամենը միջազգային հանրության ողորմածությունն է։ Առայսօր հրապարակված չէ նաև մեր զոհերի ամբողջական անվանացանկը, վիրավորների թվաքանակը։ Արտահերթ ընտրությունների քարոզարշավին գերիների թեման լայնորեն շահարկած ուժն իսպառ մոռացել է այն, ավելին՝ նրանց դավաճան է կարգել, և փոխարենն սկսել է զբաղվել իր «բուն» գործառույթով՝ սեփական պաշտոնավարման երկարաձգմամբ և իշխանության շարքերի բյուրեղացմամբ։ Ի՞նչ ասես, երբ Փաշինյանն այդտեղ է տեսնում պետության հիմնական գործառույթը։

Պետությունը՝ իբրև բացակա կատեգորիա, դժբախտաբար լցված է ապիկարների կառավարման շարունակական ինստիտուցիոնալացմամբ, այս անգամ արդեն՝ սահմանադրական փոփոխությունների գնով։ Պարտված վարչախումբը պետք է մեր երկրի նոր Մայր օրենքը, ասել է թե՝ հանրային հարաբերությունների հիմնական ուղեցույցը հեղինակի, որով, պարզ է, երկաթյա երաշխիքներ է սահմանելու նաև սեփական իշխանության երկարաձգման հարցում՝ ի դեմս անցումային դրույթների։ Եթե նախկինում խոսում էին Փաշինյանի անցնցում հեռանալու հնարավորության մասին, այսօր նա ինքն է բացում նոր ցնցումների ճանապարհը՝ ականապատելով իշխանության փոփոխման սահմանադրական տարբերակը։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ դիրքավորում կգրավեն խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացում, բայց ի սկզբանե պարզ է, որ իշխանական այս նախաձեռնության հիմնավորումները սարսափելի ապաշնորհ են, ինչպես մնացած բոլոր հարցերում։ Իրական մոտիվացիան պարզ է՝ պատահաբար իրենց գլխին ընկած իշխանությունն ամեն գնով պահելը, այն ոչ մի դեպքում չկորցնելը, դուրս չշպրտվելը կառավարական շենքերից և մոռացության գիրկը չանցնելը։ Այս հանցավոր մտադրության վիժեցումը պետք է դառնա միասնական ընդդիմության հիմնական օրակարգը, որքան էլ մարտավարական տարակարծություններ լինեն։

2020-ի չեղարկված սահմանադրական հանրաքվեի, 2021-ի ԱԺ արտահերթ ընտրության և ՏԻՄ ընտրությունների՝ մեզ ծանոթ ամբողջ քարոզչական գործիքակազմը կխաղարկվի նաև առաջիկա հանրաքվեին քարոզարշավին, եթե, իհարկե, ընդդիմությանը չհաջողվի այն խափանել։ Լեգիտիմությունից խոսելու են երկիրը քաղաքական կոռուպցիայի և կորպորատիվ կառավարման ձեռքը հանձնած ՔՊ-ականները։ Նոր սահմանադրության ընդունման համար «Այո»-ի քվե է մուրալու Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում Մայր օրենքը հիմնիվեր խախտած, 2018-ին և 2021-ին հարյուրավոր նախընտրական խոստումներ տված ու դրանք ողբերգականորեն տապալած վարչապետը։

Պատկերացնել միայն կարելի է, թե հանրային նման ապատիայի և անտարբերության պայմաններում, ի տարբերություն հայկական Շուշիի, իրապես որքան դժգույն ու դժբախտ է անցնելու հանրաքվեի քարոզարշավը, որքան ծեծված ու անբովանդակ թեզեր ու մեղադրանքներ են հնչելու։ Մեծ հարց է՝ անգամ արտահերթ ընտրություններին իր մեծամասնությամբ չմասնակցած հանրությանն առհասարակ կհետաքրքրի՞ այս ընտրական գործընթացը, թե՞ ամեն ինչ կորոշվի այլ կերպ՝ փողոցային պայքարի և համընդհանուր ընդվզման միջոցով։