ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկմանը

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան երկխոսություն է վարում՝ կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Այն նախաձեռնությունները, որոնք հրապարակվել են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում, լրացնում են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։ Նրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով` այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ շրջանակը, ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոտրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում:

«Մենք խնդիրներ ենք արձանագրում և աշխատում ենք։ Շատ կարևոր է ձևավորել համապատասխան մթնոլորտ։ Մենք տեսնում, ֆիքսում ենք խնդիրները, մշակում ենք դրանք` առանձին - առանձին ենք քննարկում, ապա միասին», - պարզաբանել է ռուս դիվանագետը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: